«Էրեբունի-Երևան». Արևի քաղաքը 2798 տարեկան է

«Էրեբունի-Երևան». Արևի քաղաքը 2798 տարեկան է

PanARMENIAN.Net - Երևանը հոկտեմբերի 8-ին նշում է իր հիմնադրման 2798–րդ տարեդարձը։ «Էրեբունի-Երևան 2798» տոնակատարության այս տարվա կարգախոսն է՝ «Երևան, արևի քաղաք»։

Ք.ա. IX դարում Հայկական լեռնաշխարհի Վանա լճի ավազանում առաջացավ Վանի հայկական (Արարատյան) թագավորությունը, որը ժամանակի ամենազարգացած տերություններից էր: Արգիշտի Առաջինը տիրակալության 5-րդ տարում կառուցեց նոր բերդաքաղաք:

«Խալդ աստծո մեծությամբ Արգիշտին՝ Մենուայի որդին, այս անառիկ ամրոցը կառուցեց և անվանեց էրեբունի քաղաք՝ ի հզորություն Բիայնիլի երկրի և ի սարսափ թշնամիների: Արգիշտին ասում է… Հողն ամայի էր, այստեղ ես մեծ գործեր կատարեցի: Խալդ աստծո մեծությամբ Արգիշտի՝ Մենուայի որդի, արքա հզոր, արքա Բիայնի երկրի, տերը Տուշպա քաղաքի»։

Հենց այս արձանագրությունն է հնարավորություն տվել հստակեցնելու Երևանի հիմնադրման տարեթիվը՝ Ք.ա. 782թ., և համարվում է քաղաքի «ծննդականը»: Էրեբունի-Երևանը հիմնադրվել է Հռոմից 29 տարի առաջ, Բաբելոնի ու Նինվեի հասակակիցն է, բայց, ի տարբերություն վերջիններիս, դարձել է 21-րդ դարի ծաղկուն քաղաքներից մեկը:

«Էրեբունի-Երևան»-ի առաջին պաշտոնական տոնակատարությունն անց է կացվել 1968թ. հոկտեմբերին, երբ նշվում էր մայրաքաղաքի հիմնադրման 2750-րդ տարեդարձը։ Հոբելյանական հանդիսությունները տևել են մոտ մեկ շաբաթ։ Այդ օրերին հրատարակվել են Երևանի պատմությունը ներկայացնող նոր գրքեր, էկրան բարձրացան Երևանի առօրյան արտացոլող նոր ֆիլմեր, բացվեցին ցուցահանդեսներ, ստեղծվեցին Երևանի մասին նոր երգեր, իսկ 2750-հոգանոց երգչախումբն առաջին անգամ կատարել է «Էրեբունի-Երևան» օրհներգը։

Նշանակալից իրադարձություններից էր նաև Երևանի հիմնադրման թանգարանի բացումն Արին-Բերդ բլրի ստորոտում: Թանգարանին հարող փողոցն անվանակոչվեց «Էրեբունի», բացվեց 2750 շատրվաններով պուրակը, աղբյուր-հուշարձան տեղադրվեց Հանրապետության հրապարակում, նախագծվեց «Էրեբունի» գորգը, 2750 ծառ տնկվեց Արին-Բերդի ստորոտում, իսկ հոբելյանական զանգվածային միջոցառումները եզրափակվեցին Հանրապետական մարզադաշտում` հանրահավաք-տոնահանդեսով։

Այս տարի օրվան նվիրված միջոցառումները կանցկացվեն նախորդ տարիների համեմատ ավելի համեստ ձևաչափով և միայն մեկ օր:

Երևանի քաղաքապետարանը որոշել է 2015-ի համեմատ կրկնակի նվազեցնել Էրեբունի-Երևան տոնակատարության համար նախատեսվող բյուջեն: Տոնակատարության մասով ավագանու կողմից հաստատված բյուջեով 130 մլն դրամ էր հաստատված, սակայն ծախսվելու է 65 մլն դրամ միջոցառումների համար: Նախորդ տարիներին եղել է 90, 120 և 130 մլն դրամ. վերջին տարիներին ամենաքիչ բյուջեով իրականացվող Էրեբունի-Երևանն այս տարի է:

Ծրագրում չեն ներառվել ավանդական դարձած Հանրապետության հրապարակի տոնական համերգն ու քաղաքապետարանի գլխավոր մասնաշենքի առջև անցկացվող տոնական շքերթը:

Իսկ թե ուր կարելի է գնալ, կարող եք կարդալ այստեղ:

Հիշեցնենք նաև, որ «Էրեբունի-Երևան 2798» տոնակատարության միջոցառումների պատշաճ մակարդակով կազմակերպման և անցկացման նպատակով հոկտեմբերի 8-ին մայրաքաղաքի որոշ ճանապարհահատվածներում տրանսպորտային երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---