Գազաֆիկացված Մարգահովիտում փայտի ծախսը նվազեցնելու համար վառարաններ են պատրաստում

Գազաֆիկացված Մարգահովիտում փայտի ծախսը նվազեցնելու համար վառարաններ են պատրաստում

PanARMENIAN.Net - Լոռու մարզի Մարգահովիտ համայնքը Հայաստանի գազաֆիկացված համայնքներից է, սակայն համայնքի մեծ մասը ձմռանն իր տունը ջեռուցում է փայտով:

Մարգահովտի բնակիչները PanARMENIAN.Net ին պատմեցին, որ գյուղում գազից օգտվում էին, երբ գազը 60 դրամ էր, հիմա չեն օգտվում, այլ փայտ ու տորֆ են վառում: Մարգահովիտցիները փայտը բերում են Լոռու մարզի Գուգարքի անտառտնտեսությունից: Գուգարքի անտառը վառելիքով ապահովում է նաև Ֆիոլետովո, Լերմոնտովո, Անտառաշեն, Շահումյան համայնքները, Վանաձորի Խնձորուտ շրջանը:

Գուգարքի անտառտնտեսության տնօրեն Արեն Աղաբաբյանի խոսքով՝ ապօրինի հատումները հազվադեպ են, անտառը լավ է պահպանվում, իսկ բնակիչներն օգտվում են սանիտարական հատումների արդյունքում առաջացած վառելափայտից:

«Մեր անտառկառավարման պլանի համաձայն, անտառում հատատեղիներ ենք նշանակել: Բնակիչը գալիս է անտառտնտեսություն, վճարում, ստանում տոմս, որով գալիս է անտառապահի մոտ և նրա հսկողությամբ կտրում և տանում է փայտը: Գործակցում ենք մեր համայնքների ղեկավարների հետ, որոնք տալիս են այն մարդկանց ցանկը, ովքեր կարող են վճարել իրենց միջոցներով, ինչպես նաև նրանց ցանկը, ովքեր չեն կարող: Նրանց համար թափուկ ենք հավաքում, որը վաճառման ենթակա չէ, բայց թափուկը շատ քիչ է»,- ասաց Արեն Աղաբաբյանը:

Մարգահովիտի բնակիչների խոսքով, անտառից փայտը կտրելու և տուն բերելու համար պետք է անտառտնտեսությանը վճարեն 10.800 դրամ, եթե մեքենայի վառելիքի ծախսն էլ է գումարվում, ապա ստացվում է 15-18.000 դրամ: Իսկ եթե ցանկանում են առանց անտառ մտնելու վառելափայտ գնել, ապա պետք է վճարեն 13.000 դրամ 1 խմ-ի դիմաց:

Ձմռան սեզոնին Մրգահովիտում վառում են 8-15 խմ վառելափայտ: Որպեսզի փայտը խնայեն, Մարգահովիտի բնակիչներից մեկը սկսել է ինքնատիպ վառարաններ արտադրել և վաճառել:

«Վառարանը կոչվում է շախտնի պիրոլիզնի կատյոլ (шахтный пиролизный котел), դրա մեջ կրակը բարձրանում է ոչ թե վերև, այլ՝ հորիզոնական, կողք՝ այրելու դարսված նյութը, դա կլինի փայտ, աթար, տորֆ, թեփ, խորովածից հետո մնացած ածուխ, քարածուխ, ես նույնիսկ մեջը գցել եմ մեր տան աղբը: Փորձնական շրջանն է, եթե կարդարացնի, կշարունակենք: Հիմնական իմաստն այն է, որ փայտի հետ ուրիշ բաներ վառես, որ տնտեսես: Սրանով փայտի օգտագործումը կիսով չափ կրճատվում է, եթե ինձ անհրաժեշտ է 15 խմ փայտ, սրանով կկիսվի: Այն ծուխ չի անում»,- ասաց վառարանի հեղինակը:

Ընդհանուր առմամբ Մարգահովիտում մարդկանց սոցիալական վիճակը ծանր է: Շատերը մեկնում են արտագնա աշխատանքի, որ ընտանիքի կարիքները հոգան:

Գյուղացիները վստահեցնում են՝ շատ լավ են պահում անտառը, բայց «եթե երեխաները մրսում են, պիտի ծառը կտրեն», քանի որ մարդիկ պետք է էժան գազ ունենան:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---