Վերջին օրերին ընդամենը 4 սիրիահայ ընտանիք է եկել Հայաստան

Վերջին օրերին ընդամենը 4 սիրիահայ ընտանիք է եկել Հայաստան

PanARMENIAN.Net - Վերջին շրջանում պտտվում են լուրեր, թե ՀՀ է գալու 600 սիրիահայ, սակայն այս թիվը խեղաթյուրված է, քանի որ Սփյուռքի նախարարության տրամադրած տվյալների համաձայն, այս օրերին Հայաստան է եկել ընդամենը 4 ընտանիք:

Այս մասին հոկտեմբերի 11-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է «Օքսվամ» կազմակերպության հայաստանյան գրասենյակի տնօրեն Մարգարիտա Հակոբյանը՝ հավելելով, որ արդեն երկրորդ տարին է ներգրավված է սիրիահայերին օգնելու ծրագրի մեջ, գրում է Tert.am-ը:

«Մենք հիմնականում լուծում ենք տան վարձին առնչվող հարցերը: Անապահով ընտանիքների բնակարանի վարձը վճարում ենք մասնակի, մոտավորապես երեք ամսվա կտրվածքով՝ 60-ից 80 հազար դրամի շրջանակներում: Լինում են դեպքեր երբ աջակցում ենք մինչև մեկ տարվա կտրվածքով»,- ասել է նա՝ հավելելով, թե ինքնաթիռից իջնելուց անմիջապես հետո սիրիահայերը տեղեկանում են, թե իրենց խնդիրներով որ կազմակերպություններին կարող են դիմել:

«Հայկական կարմիր խաչի ընկերության» լրատվական և լուսաբանման բաժնի վարիչ Նունե Գրիգորյանն էլ տեղեկացրել է, որ Հայաստան ժամանած բոլոր սիրիահայերը գրանցված են «Կարմիր խաչում», որոնց թիվը կազմում է մոտ 5 հազար:

Ըստ նրա՝ հաշվի առնելով սիրիահայերի ցանկությունը, մտցվել է տնտեսական ինքնաբավության բաղադրիչը:

«Այսինքն՝ սիրիահայերի համար ստեղծվում են պայմաններ, որ սկսեն իրենց սեփական բիզնեսը և որևէ մեկից կախված չլինեն: Նրանց տրամադրվում է նաև բիզնես-խորհրդատվություն»,- ասել է նա:

«Առաքելություն արևելք» մարդասիրական օգնության կազմակերպության տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Արմեն Բեժանյանն էլ հայտնել է, որ սիրիահայերին աջակցելու համար իրենք գործակցում են մի շարք կազմակերպությունների հետ։ «Մեր նպատակն է մասնակի բնակվարձի հատուցումը։ Ծրագրում կա ձմեռնամուտի ապահովման բաղադրիչ և սոցիալ-հոգեբանական աջակցություն: Ունենք սոցիալական աշխատողներ, որոնք զբաղվում են այդ խնդրով»,- ասել է նա և հայտարարել, թե հարկավոր է համակարգված աշխատանք տանել, որովհետև սիրիահայերին աջակցելն այս պահին կարևորագույն խնդիր է:

Սիրիայի հակամարտությունից տուժած բնակիչներին մարդասիրական օգնություն ուղարկելու նպատակով ՀՀ կառավարության հոկտեմբերի 6-ի նիստում որոշվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամին փոխանցելու համար արտաքին գործերի նախարարությանը պահուստային ֆոնդից հատկացնել 46 մլն 33.000 դրամ: ՀՀ ԱԳ նախարարին հանձնարարվել է հատկացվող գումարը «Հայաստան» համահայկական հիմնադրամին տրամադրել նվիրաբերության պայմանագրի հիման վրա:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---