«Այբ»-ը 10 տարեկան է. Փաստեր ու թվեր

«Այբ»-ը 10 տարեկան է.  Փաստեր ու թվեր

PanARMENIAN.Net - 2016-ը հոբելյանական է «Այբ»-ի համար։ Այս տարի լրանում է «Այբ» ակումբի և «Այբ» կրթական հիմնադրամի գաղափարի ծննդյան 10-րդ տարեդարձը: Այս կապակցությամբ հոկտեմբերի 7-ից 9-ն անցկացվել են մի շարք կրթական միջոցառումներ։

Հոկտեմբերի 7-ին «Գաֆեսճյան» քանդակների այգում (Կասկադ) կայացել է հանրային մեծ միջոցառում, որն ուներ կրթական ուղղվածություն։ Այգում տեղադրված տաղավար-դասասենյակում անցկացվեցին բաց դասընթացներ ու գիտափորձեր ծրագրավորում, քիմիա, կենսաբանություն, ֆիզիկա, արվեստ առարկաներից՝ հանրության ներգրավմամբ։ Ելույթով հանդես եկան «Այբ» դպրոցի երգչախումբը, Battle of Evermore ռոք խումբը և «ԱյԲար» պարախումբը։

Հոկտեմբերի 8-ին «Այբ» դպրոցում տեղի են ունեցել վարպետության դասեր, որոնք վարեցին «Այբ» ակումբի անդամներ, համաշխարհային ճանաչում ունեցող մասնագետներ Դավիթ Յանը (ABBYY, iiko, Findo ՏՏ ընկերությունների համահիմնադիր և նախագահ, ԱՄՆ), Ռուբեն Հարությունյանը (գործարար, Henderson ընկերությունների խմբի հիմնադիր և գլխավոր տնօրեն, Ռուսաստան) և Արամ Փախչանյանը (ABBYY ընկերության փոխնախագահ, «Այբ» դպրոցի տնօրեն, Հայաստան)։

Իսկ հոկտեմբերի 9-ը ամբողջովին սպորտային էր, քանի որ անցկացվեցին արդեն ավանդական դարձած Այբական խաղերը։

Փաստեր ու թվեր «Այբ»-ի մասին

216 բարերար 10 երկրից աջակցում է «Այբ» հիմնադրամի ծրագրերին։ Հայաստանում և Արցախում իրականացվել է 20-ից ավելի կրթական ծրագիր:

«Այբ» ակումբն այսօր միավորում է 39 անդամի՝ 6 երկրից (Հայաստան, Ռուսաստան, Կիպրոս, ԱՄՆ, Մալայզիա, Բելառուս)։ Ակումբի առաքելությունն է միավորել մարդկանց կրթության շուրջ և կերտել ուսյալ, առաքինի, ապագայի տեսլականով երիտասարդների սերունդներ՝ պատրաստ վերափոխելու աշխարհը դեպի լավը:

Հայաստանում և Արցախում կրթական ծրագրերի իրականացմանն ուղղվել է 21.118.503 ԱՄՆ դոլար (2007-2015 թթ. ընթացքում)։

«Այբ» դպրոցը և Դիլիջանի կենտրոնական դպրոցը ստեղծվել են «Այբ» հիմնադրամի կողմից որպես շահույթ չհետապնդող անկախ հիմնադրամներ։

«Այբ» դպրոցը կառուցվել է 2011-ին բացառապես բարերարների նվիրատվությունների շնորհիվ։ Այն չհետապնդող կազմակերպություն է, կարգավիճակով՝ հիմնադրամ և ղեկավարվում է հոգաբարձուների խորհրդի կողմից։

«Այբ»-ի ստեղծած «Արարատյան բակալավրիատ» հայալեզու կրթական ծրագիրը ճանաչվել է անգլիական A Levels-ին և ամերիկյան Advanced Placement-ին համազոր։ Մոտակա տարիներին Հայաստանի, Արցախի և սփյուռքի դպրոցները կարող են անցնել միջազգայնորեն մրցունակ այս նոր ծրագրին:

470 աշակերտ 12 երկրից ուսանում է «Այբ»-ի երկու դպրոցում՝ Երևանի «Այբ» դպրոցում և Դիլիջանի կենտրոնական դպրոցում (ԴԿԴ):

«Այբ»-ի կազմակերպած դպրոցական մրցույթներին ամեն տարի մասնակում է մոտ 95․000 աշակերտ Հայաստանից և Արցախից. «Կենգուրու», «Մեղու», «Ռուսական արջուկ», Ռոբոտների համաշխարհային օլիմպիադա, Պատանի քիմիկոսների համահայկական մրցաշար:

620.283 ԱՄՆ դոլարի կրթաթոշակ հիմնադրամը տրամադրել է Հայաստանից և սփյուռքից 30 ուսանողի՝ աշխարհի լավագույն համալսարաններում ուսանելու համար (2008-2015 թթ. ընթացքում)։

Ութ «ԱյբԼաբ»՝ ժամանակակից ուսումնական լաբորատորիա, «Այբ»-ը հիմնել է Հայաստանի 4 մարզի 5 դպրոցում։ «ԱյբԼաբ»-երն ամբողջական լաբորատոր համալիրներ են` իրենց ուրույն տարածքային լուծումներով, կահավորանքի ու սարքավորումների համալրվածությամբ, հաղորդակցական և անվտանգության համակարգերով:

Autoschool հայտնի բջջային հավելվածը ստեղծել են «Այբ» դպրոցի աշակերտները: Այն առաջին երկու ամսում ունեցել է ավելի քան 50.000 ներբեռնում` դառնալով Հայաստանում ամենաներբեռնվող հավելվածը։ Այսօր ներբեռնումների թիվը անցնում է 100.000-ից։

«Այբ» դպրոցն ունի լուսանկարչության ակումբ, որը ֆոտոլրագրության միջոցով վեր է հանում սոցիալապես անապահով ընտանիքների կյանքի պատմությունները՝ օգնելու այդ ընտանիքներին բարելավել իրենց դրությունը և ոտքի կանգնել։

«Այբ» դպրոցի երգչախումբն այս տարվա օգոստոսին մասնակցեց Հունաստանի Պատմոս կղզում անցկացվող միջնադարյան հոգևոր երաժշտության փառատոնին՝ ներկայացնելով հայ հոգևոր երաժշտությունը աշխարհին։

«Այբ» դպրոցի «Բեթլ օվ Էվըմոր» (Battle of Evermore) երաժշտախումբն անցկացնում է համերգ-սեմինարներ՝ ուղղված երիտասարդների երաժշտական ճաշակի զարգացմանը:

«Այբ» ավագ դպրոցում ռազմապարերը պարտադիր են տղաների համար։ Ռազմապարի դասավանդումը հայ երիտասարդների շրջանում բանակային ծառայությանը նախապատրաստելու միջոց է:

Մոտ 7500 ժամ հասարակական ծառայություն է մատուցվում ամեն ուսումնական տարի «Այբ» ավագ դպրոցի աշակերտների կողմից: Չնայած խիտ ուսումնական գրաֆիկին՝ ավագ դպրոցի աշակերտներն ունեն հասարակական ակտիվության ժամեր, երբ կատարում են հանրօգուտ, կամավորական աշխատանք:

Ամեն տարի «Այբ» դպրոցի առնվազն 2 աշակերտ արժանանում է ՀՀ նախագահի՝ ՏՏ բնագավառում ամենամյա կրթական պարգևին։

«Այբ» դպրոցի ռոբոտիկայի թիմը ԱՄՆ-ի «Ռոբոտիկայի ազգային մարտահրավեր» հեղինակավոր մրցույթից տուն է վերադարձել արծաթե մեդալով և ամենապատվաբեր Honda Innovation Award-ով։

Երկու ֆաբլաբ՝ ԱՄՆ-ի Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (MIT) արհեստանոց-լաբորատորիա, այսօր գործում է Հայաստանում: 2015 թվականին «Այբ» հիմնադրամը, համագործակցելով ՄՏԻ-ի հետ, Երևանում և Դիլիջանում բացեց երկու ֆաբլաբ, որոնք հասանելի են նաև այլ ուսումնական հաստատությունների սաներին ու հետազոտողներին։

«Այբ» ավագ դպրոցը ոչ պետական սոցիալական նախաձեռնություն է, որը հավասար հնարավորություն է ընձեռում բոլոր ընդունված երեխաներին՝ անկախ ընտանիքի վճարունակությունից, ուսանելու դպրոցում: Աշակերտների մոտ 70%-ն ամեն տարի ստանում է կրթաթոշակ։

«Այբ» դպրոցի յուրաքանչյուր շրջանավարտ մինչև 25 տարեկանն ունենում է մենտոր՝ ավագ ընկեր կամ խորհրդատու՝ ի դեմս «Այբ» ակումբի անդամի, ով աջակցում է նրան կյանքի ճանապարհին: Այսօր «Այբ» ակումբի 39 անդամ մենտոր է «Այբ» դպրոցի 192 շրջանավարտի համար։

«Այբ» ավագ դպրոցում կրթությունը նախագծային է. յուրաքանչյուր աշակերտ ներգրավված է որևէ նորարարական և ստեղծարար նախագծում։

«Այբ» հիմնադրամի և «Կարին» ազգագրական երգի ու պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանի ջանքերով 2015 թ. հիմնվեց «Ազգային երգ ու պար» կրթամշակութային ակադեմիան, որի նպատակն է ազգայինը վերադարձնել կենցաղ, դաստիարակել հայ ինքնությանը հաղորդ քաղաքացիներ։

«Այբ» դպրոցի շրջանավարտներն ընդունվում են իրենց նախընտրած բուհեր Հայաստանում և արտերկրում, այդ թվում՝ ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Չինաստանում, Չեխիայում, Նիդերլանդներում, Բելգիայում։ Բուհերի ցանկում են Բերկլիի համալսարանը (ԱՄՆ), Չիկագոյի համալսարանը (ԱՄՆ), Ռոտերդամի Էրասմուս համալսարանը (Նիդերլանդներ), Լյուվենի կաթոլիկ համալսարանը (Բելգիա), Հայաստանի ամերիկյան համալսարանը (Հայաստան), Հայաստանի ֆրանսիական համալսարանը, ԵՊՀ-ն և այլն։

«Այբ» դպրոցի աշակերտների 2014-2016 ուստարիների միջին միավորները SAT միջազգային առարկայական թեստից կազմում են 762 (800-ից), իսկ TOEFL-ից՝ 95,2 (120-ից):

«Այբ» դպրոցի աշակերտները մշտապես այցելում են «Զատիկ» մանկատուն՝ օգնելու մանկատան սաներին ուսումնառության հարցերում: «Այբ» դպրոցի աշակերտները, իրենց դպրոցում ստանալով ավելին, ձգտում են այլ երեխաներին ևս տալ ավելին, հասանելի դարձնել իրենց գիտելիքներն ու փորձը այլոց համար:

Գիտելիքների փոխանակման «Այբապատում» ծրագրի շրջանակում «Այբ» դպրոցի աշակերտները մեկնում են տարբեր գյուղերի դպրոցներ՝ տեղի երեխաների հետ գործնական դասեր և փորձեր իրականացնելու, իրենց գիտելիքներն ու հմտությունները տարեկիցներին փոխանցելու։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---