ԲՀԿ-ն, ՀՎԿ-ն և ԼՀԿ-ն կբոյկոտեն Վանաձորի ավագանու 1-ին նիստը

ԲՀԿ-ն, ՀՎԿ-ն և ԼՀԿ-ն կբոյկոտեն Վանաձորի ավագանու 1-ին նիստը

PanARMENIAN.Net - Վանաձորում ավագանու առաջին նիստը 3 կուսակցություն կբոյկոտի՝ «Բարգավաճ Հայաստանը», «Հայկական վերածնունդը» և «Լուսավոր Հայաստանը»:

Այս մասին իր Facebook-ի էջում գրել է «Հայկական վերածնունդ» կուսակցության անդամ Արթուր Միսակյանը:

Վանաձորի ավագանու նիստում կայացած քաղաքապետի ընտրություններում հաղթել է ՀՀԿ թեկնածու Մամիկոն Ասլանյանը:Ասլանյանը հավաքել է 19 ձայն, Քրիստ Մարուքյանի օգտին է քվեարկել 14 ավագանու անդամ: Ավագանիում ՀՀԿ-ն ունի 13, ՀՅԴ-ն՝ 2, «Լուսավոր Հայաստանը»՝ 10, ԲՀԿ-ն՝ 5, ՀՎԿ-ն՝ 3 ավագանու անդամ: Վերջին երեք ուժերը պայմանավորվել էին ԼՀ առաջին համար Քրիստ Մարուքյանի օգտին քվեարկելու վերաբերյալ:

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը տեղեկացրել է, որ բոյկոտի միջոցով թույլ չեն տալու 15 մանդատ ունեցող ՀՀԿ-ին ու ՀՅԴ-ին որևէ որոշում կայացնել։

Նրա խոսքով, քվորում ապահովելու համար, նրանք ստիպված կլինեն դիմել իրենց ծառայություն մատուցած այն 4 անդամին, ովքեր համաձայնագրից հետո փակ քվեարկությամբ հօգուտ ՀՀԿ-ական թեկնածուի էին քվեարկել, և այդպես հենց իրենք կբացահայտեն այդ մարդկանց։

Ավագանու նիստը, որը տևել է մի քանի ժամ, անցել է գերլարված մթնոլորտում: Ընդդիմությունը, նախ, պահանջում էր թույլ տալ քաղաքապետին ընտրել՝ գունավոր գրիչներով քվեարկելով (դա թույլ կտար ՀՀԿ թեկնածուի օգտին ընդդիմադիր խմբակցություններից ավագանու անդամների քվեարկության դեպքում առնվազն պարզել, թե որ կուսակցությունից է քվեարկողը): Առաջարկը մերժվել է՝ քվեարկության գաղտնիության ապահովման սկզբունքով:

Այնուհետև քվեարկությունը՝ սկսվելուց կարճ ժամանակ անց, կրկին երկար ժամանակով ընդհատվել է, երբ ավագանու անդամներից մեկը փորձել էր 2 տակ ծալել քվեաթերթիկն, ինչը կօգներ տարբերել այն մնացած 32-ից: Տևական ժամանակով ընդհատված քվեարկությունը վերսկսվել է քաղաքապետարան ժամանած ՀՀԿ խմբակցության քարտուղար Վահրամ Բաղդասարյանի՝ ավագանու հետ զրույցից հետո:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---