ՀՀ-ում ծխողների թիվը նվազել է մոտ 10%. Հոկտեմբերի 12-ը Ծխախոտի դեմ պայքարի ազգային օրն է

ՀՀ-ում ծխողների թիվը նվազել է մոտ 10%. Հոկտեմբերի 12-ը Ծխախոտի դեմ պայքարի ազգային օրն է

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետությունը 2004 թվականի հոկտեմբերի 12-ին միացել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության «Ծխախոտի դեմ պայքարի մասին» շրջանակային կոնվենցիային, որը նպատակ ունի ներկա և ապագա սերունդներին պաշտպանել մարդկանց առողջության համար ծխախոտի օգտագործման և ծխախոտի ծխի ազդեցության քայքայիչ հետևանքներից:

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ 2008 թվականից, ՀՀ առողջապահության նախարարության և Հայաստանի հասարակական կազմակերպությունների նախաձեռնությամբ, հոկտեմբերի 12-ը ՀՀ կառավարության որոշմամբ հայտարարվել է «Ծխախոտի դեմ պայքարի ազգային օր»:

Հատկանշական է, որ կոնվենցիային միանալուց ի վեր Հայաստանում տղամարդկանց շրջանում ծխողների թիվը նվազել է 8-10%-ով:

Ինչպես աշխարհի շատ երկրներում, այնպես էլ Հայաստանում ծխախոտի օգտագործումը և դրա հետևանքով առաջացած հիվանդացության և մահացության բարձր ցուցանիշներն առողջապահական և տնտեսական լուրջ խնդիրներ են ստեղծում: Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաշվարկներով` աշխարhում յուրաքանչյուր 6 վայրկյանը մեկ ծխախոտի հետևանքով առաջացած հիվանդություններից մարդ է մահանում:

Վերջին տասը տարվա ընթացքում տղամարդկանց շրջանում առկա է ծխախոտի օգտագործման նվազման միտում: Կանանց մոտ ծխախոտի տարածվածությունն առավել մեծ է մայրաքաղաքում, քան մարզերում կամ գյուղական համայնքներում: Դեռահասները սկսում են ծխել 16-17 տարեկանում, երբ դուրս են գալիս ծնողների հսկողությունից և առավել ինքնուրույն կյանք վարում։

Ծխող տղամարդկանց վաղաժամ մահացության ռիսկը 2-3 անգամ բարձր է չծխողների համեմատ, իսկ կանանցը՝ 1,3-1,9 անգամ: Ռիսկն ավելանում է գլանակների քանակի և ծխախոտի օգտագործման տևողության հետ:

Ծխողների մոտ թոքի քաղցկեղի ռիսկն աճում է 12 անգամ, սրտամկանի ինֆարկտի և ուղեղանոթային ու ծայրամասային անոթների հիվանդությունների ռիսկը՝ 50%-ով, իսկ թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություններից մահացության դեպքերի մոտ 80% պայմանավորված է ծխախոտի օգտագործմամբ:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---