Վթարվել է Մոսկվա-Երևան ավտոբուսը. Կա 5 զոհ, 27 վիրավոր

Վթարվել է Մոսկվա-Երևան ավտոբուսը. Կա 5 զոհ, 27 վիրավոր

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 14-ին՝ Մոսկվայի ժամանակով առավոտյան ժամը 04:30-ի սահմաններում, Հյուսիսային Օսեթիայիում` Բեսլան քաղաքից 6 կմ հեռավորության վրա, վթարի է ենթարկվել ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող Մոսկվա-Երևան ավտոբուսը: Նախնական տվյալներով` կա 5 զոհ, 27 վիրավոր: Այս մասին ասվում է առողջապահության նախարարության մամուլի խոսնակի Անահիտ Հայթայանի ֆեյսբուքյան էջում:

Վլադիկավկազ-Բեսլան շրջանցիկ ավտոճանապարհի 8-րդ կմ-ին «Մերսեդես Բենց-0404-15R» մակնիշի 50 AA 515 պետհամարանիշի մարդատար ավտոբուսը Մոսկվա-Երևան երթուղին իրականացնելիս բախվել է «Սկանիա» մակնիշի բեռնատար ավտոմեքենային:

Վթարի վայրում վիրավորներին առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո շտապբուժօգնության բրիգադները նրանց տեղափոխել են հիվանդանոց։

Վթարի հետևանքով տուժածների մասին մանրամասն տեղեկություններ տրամադրելու համար Հյուսիսային Օսեթիայի առողջապահության նախարարությունում գործում է թեժ գիծ` 007-86-72-40-38-92 հեռախոսահամարով:

Հայտնի են զոհվածներից երկուսի անունները` 1970թ. ծնված Արևիկ Հունանյան և 1954 թ. ծնված Յուրա Պողոսյան:

Վլադիկավկազ քաղաքի մանկական հանրապետական կլինիկական հիվանդանոց են տեղափոխվել. Պալուխին Պ.Պ., 2001թ., Ռասամախին Ա. Ե. 2000թ., Գալատով Ա.Ա. 2000թ., Լազուկին Ա.Ա., 2006թ. Բոլորը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Տուժածների ամբողջական ցուցակը տեղադրված է ԱԻՆ կայքում:

Դեպքից կարճ ժամանակ անց պատկան մարմինների կողմից ՀՀ nախագահին զեկուցվել է, որ վաղ առավոտյան 04.30-ին Բեսլան-Վլադիկավկազ շրջանցային մայրուղու վրա տեղի է ունեցել խոշոր ավտովթար։

Նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայից Երևան ժամանող ավտոբուսի վթարի կապակցությամբ ցավակցական ուղերձ է հղել և մի շարք հանձնարարականներ տվել ՀՀ պատկան մարմիններին: Նախագահի ցավակցական ուղերձում, մասնավորապես, ասված է.«Խոր ցավով տեղեկացա անցած գիշեր Մոսկվայից Երևան ժամանող ավտոբուսի վթարի մասին, որի հետևանքով ունենք մարդկային կորուստներ և վիրավորներ: Այս ծանր պահին ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին, հարազատներին և մերձավորներին: Բոլոր վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»:

Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից հանձնարարվել է ՀՀ կառավարությանը և ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը՝ հրատապ միջոցներ ձեռնարկել տուժածներին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու, ինչպես նաև ամբողջ ծավալով բժշկական օգնություն կազմակերպելու նպատակով: Միաժամանակ հանձնարարվել է միջոցներ ձեռնարկել զոհվածների և տուժածների ընտանիքիներին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու համար: ՀՀ իրավասու մարմիններին հանձնարարվել է կարճ ժամկետներում, ՌԴ իրավապահ մարմինների հետ համագործակցելով, բացահայտել վթարին առնչվող հանգամանքները և պատճառները, ներկայացնել համապարփակ տեղեկատվություն:

Նախագահին զեկուցվել է նաև, որ Ռոստովում և Ռուսաստանի հարավում ՀՀ գլխավոր հյուպատոսության ներկայացուցիչն արդեն գտնվում է դեպքի վայրում և Ռուսաստանի համապատասխան մարմինների հետ համագործակցությամբ զբաղվում է առաջին օգնության ցուցաբերման հարցերով:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---