Ռիգայում «Երևան» անվամբ այգի է բացվել

Ռիգայում «Երևան» անվամբ այգի է բացվել

PanARMENIAN.Net - Ռիգա կատարած պաշտոնական այցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Ռիգայի քաղաքապետ Նիլ Ուշակովի և տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ ներկա է գտնվել «Երևան» անունը կրող այգու հանդիսավոր բացման արարողությանը:

Ռիգայի քաղաքապետ Նիլ Ուշակովը շնորհակալություն հայտնելով Երևանի քաղաքապետին ու Ռիգայի հայ համայնքին` այգու կառուցումն իրականություն դարձնելու համար, համոզմունք է հայտնել, որ այն կդառնա քաղաքի սիրված հանգստի գոտիներից մեկը:

«Ռիգայում բացված «Երևան» անունը կրող այգին իսկապես մեծ նվեր է հանգստի գոտու հարևանությամբ ապրող տարբեր տարիքի բնակիչների համար: Այն նաև լավագույն խորհրդանիշներից մեկն է երկու քաղաքի միջև ձևավորված ամուր բարեկամության ու հաջողված համագործակցության»,- նշել է Ուշակովը:

Մարգարյանը նախ շնորհակալություն է հայտնել նախաձեռնության հեղինակներին` նկատելով, որ այն ևս մեկ վկայությունն է երկու քաղաքի միջև օր օրի զարգացող բարեկամական ու գործընկերային հարաբերությունների:

«Երևանի և Ռիգայի միջև համագործակցությունը տարիների պատմություն ունի։ Մեր երկու երկրների միջև բարեկամական և գործընկերային հարաբերություններն օր օրի զարգանում են, որի համատեքստում ամրապնդվում են մեր երկու քույր քաղաքների կապերը։ Ուրախալի է, որ այն իրականացվում է կոնկրետ ծրագրերի միջոցով։ Վստահ եմ, որ այս գեղեցիկ այգին, որը նախագծված է հայկական և երևանյան տարրերով, կդառնա ինչպես Ռիգայի բնակիչների, այնպես էլ մեր քույր քաղաքի հյուրերի սիրված վայրերից մեկը»,- ընդգծել է Մարգարյանը։

Այգու հանդիսավոր բացման արարողության շրջանակում երկու քաղաքապետը Երևանի և Ռիգայի միջև բարեկամական կապերի ամրապնդման գործում ունեցած մեծ ավանդի, ինչպես նաև «Երևան» անունը կրող այգու նախագիծը կյանքի կոչելու համար շնորհակալագրերով են պարգևատրել մի շարք անձանց:

Երևանի և Ռիգայի քաղաքապետերը, ի նշան երկու ժողովուրդների ու երկու քաղաքների բարեկամության, նաև կաղնի են տնկել հանգստի գոտում, որը լատիշ ժողովրդի ազգային խորհրդանիշներից մեկն է համարվում:

Ավելի վաղ Երևանի քաղաքապետի գլխավորած պատվիրակությունը Լատվիայի մայրաքաղաք պաշտոնական այցի շրջանակում այցելել է Ռիգայի Հայ առաքելական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի:

Ռիգայի Հայ առաքելական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Խոսրով քահանա Ստեփանյանը հնչեցրել է տերունական աղոթք, որից հետո Երևանի և Ռիգայի միջև ամուր կապերի հաստատման գործում ներդրած ջանքերի համար Հայ առաքելական եկեղեցու հատուկ հուշամեդալներով է պարգևատրել Երևանի և Ռիգայի քաղաքապետերին:

2013թ. հուլիսի 5-9-ը տեղի է ունեցել Երևանի քաղաքապետ Տ. Մարգարյանի գլխավորած պատվիրակության այցը Ռիգա` լատվիական երգի ու պարի տոնակատարությանը մասնակցելու և երկկողմ համագործակցության հարցեր քննարկելու նպատակով: Այցի ընթացքում ստորագրվել է եղբայրացման մասին համաձայնագիր:

2013թ. հոկտեմբերի 10-14-ը Ռիգայի քաղաքապետ, քաղաքային դումայի նախագահ Ն. Ուշակովի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Երևանում կայացած Եվրոպայի Խորհրդի անդամ երկրների մայրաքաղաքների միջազգային կոնֆերանսին և «Էրեբունի-Երևան» տոնակատարություններին։

2014թ. թվականի հունվարի 17-19-ը Երևանի քաղաքապետ Տ. Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը Ռիգայի քաղաքապետ, քաղաքային դումայի նախագահ Ն. Ուշակովի հրավերով մասնակցել է Ռիգայում կայացած «Ռիգա-եվրոպական մշակութային մայրաքաղաք» տիտղոսի հռչակման պաշտոնական արարողությանը։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---