ՌԴ ՆԳՆ ղեկավար. ՀՀ անդամակցումը ԵՏՄ-ին ընդլայնել է հանցավորության դեմ համատեղ պայքարի հնարավորությունները

ՌԴ ՆԳՆ ղեկավար. ՀՀ անդամակցումը ԵՏՄ-ին ընդլայնել է հանցավորության դեմ համատեղ պայքարի հնարավորությունները

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 17-ին Երևանում տեղի է ունեցել ՌԴ ներքին գործերի նախարարության և ՀՀ ոստիկանության Միավորված կոլեգիայի նիստը, որին մասնակցելու համար Հայաստան էր ժամանել ՌԴ ՆԳՆ պատվիրակությունը՝ ՌԴ ՆԳ նախարար, ՌԴ ոստիկանության գեներալ Վլադիմիր Կոլոկոլցևի գլխավորությամբ:

Երկու գերատեսչությունների Միավորված կոլեգիայի նիստը բացվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի և Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարար, ՌԴ ոստիկանության գեներալ Վլադիմիր Կոլոկոլցևի նախագահությամբ:

Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը, ընդգծել է երկու գերատեսչությունների համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը հանցավորության դեմ պայքարում: Նա նշել է, որ դա հատկապես հրատապ է արդի պայմաններում՝ կապված քրեական մարտահրավերների ուժգնացման հետ: Խոսքն առաջին հերթին միջազգային ահաբեկչության, անդրազգային հանացավորության, ապօրինի միգրացիայի, թմրամիջոցների ու զենքի անօրինական շրջանառության, մարդկանց առևտրի մասին է:

Կոլոկոլցևը հավելել է, որ Ռուսաստանում և Հայաստանում օպերատիվ իրավիճակի բոլոր տարբերություններով հանդերձ՝ նշված մարտահրավերները հավասարապես վտանգավոր են երկու պետությունների համար: «Այս սպառնալիքնրին հակազդելու և երկու երկրների տարածքներում իրավակարգի ապահովման գործում հանգուցային դեր ունեն մեր գերատեսչությունները, որոնց համագործակցությունը էականորեն ամրապնդվել է վերջին տարիներին:

Այսօր այն հիմնվում է ամուր միջազգային իրավական հենքի վրա, ակտիվորեն գործում ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հիմքերով: Մենք արդյունավետ համագործակցում ենք տարբեր հարթակներում, նախևառաջ՝ Միավորված կոլեգիայի ու ՀԱՊԿ ձևաչափերով:

Իրավապահ ոլորտում համագործակցության ամրապնդման լրացուցիչ հնարավորություններ բացվեցին Եվրասիական միությանը Հայաստանի միանալուց հետո: Նման ծավալուն նախագծի իրականացումն, անշուշտ, ավելի բարդ ու պատասխանատու խնդիրներ է դնում անդամ պետությունների առաջ, որոնց լուծումը պահանջում է բոլոր ոստիկանական գերատեսչությունների ջանքերի միավորում: Համոզված եմ, որ այս պայմաններում մեր երկկողմանի համագործակցության նշանակությունը միայն աճելու է»,-ասել է նա:

Ողջունելով Միավորված կոլեգիայի անդամներին ու նիստի մասնակիցներին՝ Վլադիմիր Գասպարյանը, մասնավորապես, նշել է. «Միավորված կոլեգիան շարունակում է գերատեսչությունների կառուցվածքային ստորաբաժանումների փոխգործակցության արդյունավետության բարձրացման կարևոր մեխանիզմ մնալ հանցավորության դեմ պայքարում, քանի որ նրա շրջանակում քննարկվում է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի ու խնդիրների ողջ սպեկտրը, ճշտվում են դիրքորոշումներն ու համատեղ մշակվում կոնկրետ քայլեր՝ ինչպես մեր պետություններում քրեածին իրավիճակի բարելավման, այնպես էլ արդի մարտահրավերների ու սպառնալիքների դեմ պայքարի գործում:

Բացառություն չէ նաև Միավորված կոլեգիայի այսօրվա նիստը, որի ընթացքում կդիտարկվեն հետախուզման ոլորտում երկու գերատեսչությունների համագործակցությանն ու Ռուսաստանի ՆԳՆ և Հայաստանի ոստիկանության փորձաքրեագիտական ստորաբաժանումների փոխգործակցության հեռանկարներին վերաբերող հարցեր»:

Միավորված կոլեգիայի նիստին մասնակցել են Միավորված կոլեգիայի անդամներ՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանությունից ու Ռուսաստանի Դաշնության ՆԳ նախարարությունից, գերատեսչությունների կենտրոնական ապարատների վարչությունների պետեր, ինչպես և ԱՊՀ անդամ պետությունների տարածքում կազմակերպված հանցավորության և այլ վտանգավոր հանցատեսակների դեմ պայքարի համակարգման բյուրոյի տնօրեն, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Օլեգ Կոնովալովը:

Ռուսաստանի ՆԳ նախարար Վլադիմիր Կոլոկոլցևին ընդունել է նաև նախագահ Սերժ Սարգսյանը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---