Շարմազանով. Ալիևն ուզի, թե չուզի, աշխարհը գնում է ինքնորոշման իրավունքի հաղթարշավի ճանապարհով

Շարմազանով. Ալիևն ուզի, թե չուզի, աշխարհը գնում է ինքնորոշման իրավունքի հաղթարշավի ճանապարհով

PanARMENIAN.Net - Իլհամ Ալիևը չէ, որ պետք է որոշի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը: Այսպիսի հայտարարություն է արել ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Ադրբեջանի նախագահի հայտարարությանը, թե Լեռնային Ղարաբաղը կարող է դառնալ ինքնավար հանրապետություն Ադրբեջանի կազմում, նշեց, հայտնում է Panorama.am-ը:

«Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը 1988 թվականին սկսել է պայքարել ազատ և անկախ ապրելու իրավունքի համար: Եթե պարոն Ալիևը տեղյակ չէ, ապա ես տեղեկացնեմ, որ բանակցային սկզբունքներից մեկն ինքնորշման իրավունքի իրացումն է: Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահները միշտ հայտարարել են, որ ինքնորոշման իրավունքի իրացումը երեք սկզբունքներից մեկն է՝ տարածքային ամբողջականության և խաղաղ կարգավորման հետ մեկտեղ»,- նշել է Էդուարդ Շարմազանովը:

Նրա խոսքերով՝ Ադրբեջանի կազմում Նախիջևանի ինքնավար Հանրապետության գոյությունը լավագույն վկայությունն է, որ հայերը չեն կարող ապրել ինքնավար հանրապետության քաղաքացու կարգավիճակում Ադրբեջանի կազմում: «Ի՞նչ տեղի ունեցավ Նախիջևանում: Մենք տեսանք, որ Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունը և ադրբեջանցիները ոչ միայն հայ ժողովրդին էին հետապնդում, ոչ միայն կազմակերպում էին ջարդեր Սումգայիթում և Բաքվում, այլ նրանք կազմակերպեցին հուշարձանների՝ համաշխարհային մշակութային ժառանգություն համարվող տասնյակ հազարավոր խաչքարերի ոչնչացումը: Ադրբեջանցիները նույնիսկ հայկական խաչքարերի նկատմամբ չկարողացան հանդուրժող լինել, հայ ժողովրդի նկատմամբ ինչպե՞ս կարող են հանդուրժող լինել»,- ասել է ԱԺ փոխնախագահը:

Էդուարդ Շարմազանովը նշել է, որ Արցախի ժողովուրդը պետք է օգտվի ինքնորոշման իրավունքից և ինքը որոշում կայացնի: Նա վստահություն է հայտնել, որ նոր հանրաքվեի դեպքում Արցախի ժողովուրդը կկայացնի նույն որոշումը, որը կայացրել է 1991թ.: «Կարծում եմ, որ Ալիևի հայտարարությունները, մանավանդ ռուսական լրատվամիջոցներին, անտեղի են: Եթե պարոն Ալիևը ցանկացել է ասել անկախ հանրապետություն, միգուցե, դա է ճիշտը»,- նշել է ԱԺ փոխխոսնակը:

Ըստ նրա՝ ստեղծման պահին ՄԱԿ-ն ունեցել է 57 անդամ պետություն, իսկ այսօր այդ թիվը հասնում է 193-ի. «Այնպես որ, պարոն Ալիևն ուզի, թե չուզի, աշխարհը գնում է ինքնորոշման իրավունքի հաղթարշավի ճանապարհով, և անհնար է գետի հունին հակառակ երկար լողալ»:

Էդուարդ Շարմազանովի խոսքերով՝ Արցախի միջազգային ճանաչումն ընդամենը ժամանակի խնդիր է: «Արցախն այսօր կայացած ժողովրդավարական հանրապետություն է, հարկ եղած դեպքում ժողովրդավարության դասեր կտա սուլթանական Ադրբեջանին: Մեզ համար ամենակարևորը կարգավիճակի հարցն է, Արցախը ոչ մի կարգավիճակում չի լինելու Ադրբեջանի կազմում: Սա է մեր պատասխանը պարոն Չեմբեռլենին»,- հայտարարել է Շարմազանովը:

Անդրադառնալով այն հարցին, թե ինչո՞ւ չի կայանում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը` ԱԺ փոխխոսնակն ասել է, որ խնդիրն ադրբեջանական կողմում է. «ՀԱՊԿ գագաթնաժողովում կոչ արվեց, որ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները պետք է իրականություն դառնան: Դուք կարո՞ղ եք ասել, որ Ադրբեջանը որևէ գործնական քայլ կատարե՞լ է: Խնդիրը ադրբեջանական կողմում է, եթե ադրբեջանցիները փոխզիջում ասելով հասկանում են ինքնավար հանրապետություն, ապա նրանք տվայտանքների մեջ են: Փոխզիջումը դա ԼՂՀ միջազգային ճանաչումն է, իսկ թե ինչի՞ դիմաց, կորոշի Արցախի ժողովուրդը»:

Դիտարկմանը, թե Իլհամ Ալիևը չի բացառել, որ Ադրբեջանը կարող է անդամակցել ԵՏՄ-ին, Շարմազանովը պատասխանել է. «Եթե պարոն Ալիևը դա չի բացառում, իսկ քաղաքականությունն էլ հնարավորի արվեստ է, ինքը չպետք է բացառի նաև Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչումը»:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ռուսական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում հայտարարել է, որ չի բացառվում, որ ապագայում Ադրբեջանը կարող է անդամակցել ԵՏՄ-ին, սակայն, առայժմ երկիրն իրեն վստահ է զգում իր կարգավիճկում: «ԵՏՄ երկրների հետ մեր տնտեսական, նաև քաղաքական, գործակցության այսօրվա ձևաչափը բավականին ամուր է: Ինտեգրման ճանապարհով գնալու համար մոտիվացիա է հարկավոր: Այն կարող է լինել տնտեսական, սոցիալական, քաղաքական, ցանկացած այլ բնույթի: Այժմ մենք աշխատում ենք այդ ուղղությամբ»,-ասել է Ադրբեջանի նախագահը:

Ավելի վաղ Դավիթ Բաբայանը նշել էր, որ ադրբեջանական կողմի հայտարարությունները ևս մեկ անգամ վերահաստատում են` Բաքուն պատրաստ չէ կառուցողական քայլեր ձեռնարկել Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման ուղղությամբ:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---