Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության աշխատաժողովը՝ առաջին անգամ Երևանում

Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության աշխատաժողովը՝ առաջին անգամ Երևանում

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 18-ին առաջին անգամ Երևանում մեկնարկել է Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (ԿԱՀԿ,OIE) տարածաշրջանային աշխատաժողովը, որին մասնակցում են 39 երկրից ներկայացուցիչներ։

Բացման խոսքով հանդես են եկել ԿԱՀԿ-ի (OIE) Արևելյան Եվրոպայի միջազգային հակահամաճարակային բյուրոյի ներկայացուցչության ղեկավար Կազիմիրաս Լուկաուսկասը և ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը՝ կարևորելով միջոցառման նշանակությունը թե Հայաստանի, թե մասնակից երկրների համակարգողների համար։

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը նշել է, որ աշխատաժողովի նպատակը ազգային համակարգողների որակավորման բարձրացումն է, հատկապես՝ կենդանիների առողջության համաշխարհային տեղեկատվական համակարգով (WAHIS) աշխատելու հմտությունների ձեռքբերումը։

WAHIS համակարգի երկու հիմնական բաղադրատարրի՝ արագ ահազանգման և մոնիթորինգային համակարգերի, նպատակն է հսկողության տակ պահել անդամ երկրների անասնահամաճարակային իրավիճակը՝ հիմնված ներկայացվող հաշվետվությունների և համապատասխան մոնիթորինգի վրա։

ԿԱՀԿ-ի (OIE) Արևելյան Եվրոպայի միջազգային հակահամաճարակային բյուրոյի ներկայացուցչության ղեկավար Կազիմիրաս Լուկաուսկասն անդրադարձավ միջազգային հանրության համար ԿԱՀԿ-ի դերի կարևորությանը՝ առանձնացնելով միմյանց հետ սերտորեն փոխկապակցված երկու հիմնական նպատակները՝ շրջակա միջավայրի պաշտպանությունը և կենդանիների առողջության պահպանման խնդիրը։

Լուկաուսկասը հավելել է, որ 2016 թվականի հունվարի 1-ից մեկնարկել է 2016-2020 թթ․ համար նախատեսված ԿԱՀԿ-ի (OIE) 6-րդ ռազմավարական ծրագիրը, որին մասնակցում են 180 երկրի ներկայացուցիչներ: Նա հույս է հայտնել, որ այս աշխատաժողովը ևս մեծ դեր կունենա ԿԱՀԿ-ի ռազմավարական ծրագրի իրականացման և ընդհանուր զարգացման գործում։

Այս կառույցի համար առաջնային է անդամ երկրների թափանցիկ, համատեղ աշխատանքը, փորձի ու տեղեկատվության փոխանակումը, գիտական առաջատար նվաճումների նպատակային օգտագործումը և ռիսկերի արդյունավետ կառավարումը։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---