14  20.10.16 - Երթուղի դուրս եկան հաշմանդամություն ունեցող անձանց համար հարմարեցված ևս 5 ավտոբուս

Երևանում ևս 5 ավտոբուս է կահավորվել հաշմանդամություն ունեցողների համար վերելակներով

Երևանում ևս 5 ավտոբուս է կահավորվել հաշմանդամություն ունեցողների համար վերելակներով

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանի «Երևանի ավտոբուս» ընկերության ևս 5 ավտոբուս կահավորվել է հատուկ կարիքներով անձանց տեղափոխման համար նախատեսված վերելակներով

Առաջին տասը վերելակներն ավտոբուսներում տեղադրվել էին դեռ 2014-ին, ևս տասը` 2015-ին:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը հատուկ վերելակներով կահավորված ևս 5 ավտոբուսի երթուղի դուրս գալուց առաջ տեղեկացրել է, որ ներկայումս հատուկ կարիքներով անձանց համար նախատեսված վերելակներով ավտոբուսներ են աշխատում ներքաղաքային հասարակական տրանսպորտի 8՝ թիվ 3, 13, 14, 20, 22, 28, 33 և 35 երթուղիներում:

Ընդ որում, անհրաժեշտությունից ելնելով՝ թիվ 13 երթուղում վերելակներ են տեղադրված 11 ավտոբուսից 8-ում: Երթուղիների ընտրության սկզբունքն այն է, որ գրեթե բոլոր վարչական շրջաններից հատուկ կարիքներով անձինք քաղաքի կենտրոն հասնելու և վերադառնալու հնարավորություն ունենան: Վերելակների աշխատանքն ու ընձեռած հնարավորությունները փորձարկած շահառուները նշել են, որ դրանք իսկապես հարմարավետ են, և շնորհակալություն են հայտնել ցուցաբերվող մշտական ուշադրության ու հոգածության համար:

Վերելակներով կահավորված ավտոբուսների կողային և դիմային հատվածներում առկա են համապատասխան տարբերանշաններ, ինչպես նաև ծանուցման կարգով փակցված է հեռախոսահամար, որով կարելի է ստանալ անհրաժեշտ տեղեկություններ:

Ծրագիրը կշարունակվի նաև 2017-ին:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի տեղակալ Սամվել Մերթարջյանը, ընդգծելով, որ այս նախաձեռնությունը «Ավելի մատչելի Երևան» ծրագրի մի մասն է, հավելել է, որ մայրաքաղաքի քաղաքաշինական նախագծերում ևս հաշվի են առնվում հատուկ կարիքներով անձանց խնդիրները:

Խոսելով մայրաքաղաքի հետիոտնային անցումներն ու մայթերը թեքահարթակներով կահավորելու 2013-ից սկիզբ առած ծրագրից՝ Մերթարջյանը տեղեկացրել է, որ այս տարի թեքահարթակների թիվը Երևանում ավելացել է 275-ով, ևս 420-ը կկառուցվի առաջիկայում: 2016-ից մեկնարկել է տեսողության խնդիրներ ունեցող անձանց համար խաչմերուկներում դեղին գունանշված հատուկ գոգավոր սալիկների տեղադրման ծրագիրը:

Քաղաքապետի հանձնարարությամբ առաջիկա տարիներին նման սալիկներով կկահավորվեն Երևանի բոլոր վարչական շրջանների ամենաբանուկ խաչմերուկները: Կշարունակվի նաև տեսողության խնդիրներ ունեցող անձանց համար կանգառի ազդանշաններով ձայնագրությունների ապահովումն ավտոբուսներում: Խաչմերուկներում էլ կավելանան կանաչ լույսի սկիզբն ու ավարտն ազդարարող ձայնային ազդանշաններով լուսացույցները:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---