Շեքսպիրյան 12-րդ թատերական փառատոն. 9 բեմահարթակում ավելի քան 15 ներկայացում կցուցադրվի

Շեքսպիրյան 12-րդ թատերական փառատոն.  9 բեմահարթակում  ավելի քան 15 ներկայացում կցուցադրվի

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 20-26-ը Երևանում կանցկացվի Շեքսպիրյան միջազգային 12-րդ թատերական փառատոնը:

Փառատոնի հանդիսավոր բացումը տեղի կունենա հոկտեմբերի 20-ին՝ ժ. 19:00-ին, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում, Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի անվան պետական ակադեմիական թատրոնի «Հուլիոս Կեսար» ներկայացումով:

Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնն այս տարի կհյուրընկալի մոտ 130 մասնակցի և հյուրերի 15 երկրից՝ Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Սլովակիայից, Լեհաստանից, Ռումինիայից, Նիգերիայից, Ալժիրից, Մոնղոլիայից, Ուկրաինայից, Ռուսաստանից, Վրաստանից և այլ երկրներից:

Թատերասեր հանրությունը հնարավորություն կունենա դիտելու դրամատիկական, երաժշտական, մոնոներկայացումներ, ֆիզիկական շարժման ներկայացումներ:

Երևանյան 9 բեմահարթակում կցուցադրվի ավելի քան 15 ներկայացում:

Փառատոնի շրջանակում կներկայացվեն Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի անվան պետական ակադեմիական թատրոնի «Հուլիոս Կեսար», Ուլյանովսկի Ի. Գոնչարովի անվան դրամատիկական թատրոնի «Յագո կամ Տրակտատ թաշկինակի մասին», Վոլոդիմիր Զավալնյուկի «Պերետվորենիե» թատրոնի «Համլետ», «Մաստերսկայա» թատրոնի «Մի անգամ Էլսինորում. Համլետ», Ստանիսլավ Սոյկա և Կրակովի երգիչներ երաժշտական խմբի «Շեքսպիր Ակապելլա» ներկայացումները:

Երևանյան թատրոններից՝ Շեքսպիրյան փառատոնի ծրագրում հանդես կգան Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական, Հ. Թումանյանի անվան տիկնիկային, «Փոքր» և այլ թատրոններ: Այս տարի Շեքսպիրյան փառատոնը հանդես կգա տարբեր ծրագրերով. կանցկացվի միջազգային թատերական նախագիծ (գեղարվեստական ղեկավար՝ Հակոբ Ղազանչյան), որի նպատակն է համատեղ ներկայացման միջոցով միավորել տարբեր ժողովուրդների թատերական մշակույթները (Հայաստան – Ալժիր - Ռումինիա – Նիգերիա – Բրազիլիա - Մոնղոլիա): Կբեմադրվի թատերական ֆանտազիա Վ. Շեքսպիրի «Փոթորիկ» պիեսի մոտիվներով:

Երևանի Շեքսպիրյան փառատոնի պատվավոր հյուրերի շարքում են՝ աշխարհահռչակ բեմադրիչ Ռոբերտ Ստուրուան, անգլիացի դերասան և դրամատուրգ, Էդինբուրգի թատերական փառատոնի ժյուրիի պատվավոր անդամ Փիփ Աթթոնը, գերմանացի երաժշտագետ, տեսաբան, մշակութային մենեջեր Դիեթեր Թոփը, Կրայովայի Շեքսպիրյան միջազգային փառատոնի տնօրեն, բեմադրիչ Ալեքսանդրու Բուրունուն և այլ պատվավոր հյուրեր: Նրանց ղեկավարությամբ կանցկացվեն նաև վարպետության դասեր:

Հիմնական ներկայացումների մուտքը՝ հրավիրատոմսերով:

Փառատոնի գեղարվեստական ղեկավարն է Հակոբ Ղազանչյանը:

Երևանի Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնն առաջին անգամ Երևանում անց է կացվել 2005թ.-ին: Փառատոնի հիմնադիրն է Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը: Նա 2003թ. սեպտեմբերի 24-ին առաջին անգամ Երևանում անցկացրեց «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնը, որի հանդիսավոր բացումը կայացավ Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնում` Հ. Ղազանչյանի բեմադրած «Կոնտրաբաս» մոնոներկայացմամբ:

2005թ. «Արմմոնոն» վերանվանվեց «Շեքսպիրյան» փառատոն, որի շրջանակներում թատերասեր հանրությանը հրամցվում էին միմիայն շեքսպիրյան գործեր: Բազմաթիվ թատերասերների խնդրանքով 2009թ. սկսած մոնոներկայացումների փառատոնին վերադարձվեց նախկին անունը, ինչի արդյունքում Հայաստանի թատերական գործիչների միությունն ունեցավ միաժամանակ երկու միջազգային թատերական փառատոն` իրարից խիստ տարբերվող բովանդակությամբ:

Փառատոնը տարիների ընթացքում ձեռք բերեց միջազգային ճանաչում` դառնալով Շեքսպիրյան փառատոների Եվրոպական ցանցի անդամ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---