ԱԺ-ն ընդունել է Կառավարության ծրագիրը. 85 կողմ, 7 դեմ, 6 ձեռնպահ

ԱԺ-ն ընդունել է Կառավարության ծրագիրը. 85 կողմ, 7 դեմ, 6 ձեռնպահ

PanARMENIAN.Net - Ազգային ժողովն արտահերթ նիստում 85 կողմ, 7 դեմ, 6 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունել է Հայաստանի կառավարության ծրագիրը:

«Շնորհավորենք մեր կառավարությանը»,- քվեարկությունից հետո ասել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, մեջբերում է Panorama.am-ը:

ԲՀԿ-ն հայտարարել է, որ կուսակցական պատգամավորները չեն մասնակցի քվեարկությանը, ՕԵԿ-ը ձեռնպահ է մնացել:

Հոկտեմբերի 18-ին ՀՀ կառավարության արտահերթ նիստում գործադիրը հավանություն է տվել ՀՀ կառավարության ծրագրին, որը ներկայացվել է ՀՀ Ազգային ժողով:

Քվեարկությունից առաջ վարչապետ Կարեն Կարապետյանին եզրափակիչ ելույթի համար տրվել է մինչև մեկ ժամ ժամանակ, բայց նա խոսել է կարճ՝ նախ շնորհակալություն հայտնելով բոլորին, նաև քննադատողներին, այնուհետև անդրադառնալով առաձին խմբակցությունների ելույթներին։

Կոռուպցիայի դեմ պայքարի մասին «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավորների ելույթներին ի պատասխան, Կարապետյանը նկատել է. «Մեր ՕԵԿ-ի գործընկերները ասում են, որ դուք գրել եք կոռուպցիայի դեմ պայքար։ Է, բոլորը գրել են, չգրե՞նք։ Մյուս հայտարարությունը՝ շատ ունեք այսպես կոչված, լո-լո՝ բանակցել, աջակցել։ Բաներ կան, որ իրականում մեզանից պահանջում են վերլուծել, աջակցել։ Եվ վերջում հայտարարեցիք, որ ծրագրում մասեր կան, որ ձեր դուրը գալիս են, բայց ձեռնպահ կմնաք, քանի որ ծրագրում չկա կետ, որ օֆշորներից փողը վերադարձնեն։ Հիմա հռետորական հարց՝ եթե գրեինք, կվերադարձնեի՞ն, ավելացնեինք, կողմ կքվեարկեի՞ք»։

Անդրադառնալով ՀԱԿ-ի դիրքորոշմանը, Կարապետյանը նկատել է, որ ընդդիմությունը ճիշտ է, իրենք ախտորոշում չեն կատարել ու գրել են, որ պետք է ախտորոշեն և հավելել. «Այն ախտորոշումը, որ մենք պետք է անենք, քսան օրը բավարար չէ։ Ասում եք վեց ամսով ենք ծրագիր ներկայացրել, մի քիչ ավել ներկայացնեինք, հնարավոր է՝ քննադատվեինք, թե ինչ գիտեք ընտրություններից հետո ինչ կլինի, որ այսքան երկար ժամկետի համար եք ներկայացրել ծրագիր»։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության դիրքորոշմանն անդրադառնալիս վարչապետը լեզվի սայթաքում է թույլ տվել և ասել՝ «Բարգավաճ հանրապետական» կուսակցությունը, ինչն առաջացրել է դահլիճի բուռն ծիծաղը։ Մի քանի անգամ ներողություն խնդրելուց հետո վարչապետն ասել է.«Հաստատ դիտավորյալ չէր»։

Վարչապետը նշել է նաև, որ իր համար անհասկանալի էր, թե ինչու է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը որոշել չքվեարկել։

«Մաքսիմալ պրագմատիկ, իրական խորհուրդներ տվեք, որ հասկանանք այդ քննադատության կամ առաջարկի մեջ ինչ պետք է անենք։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել Դաշնակցություն և Հանրապետական կուսակցություններին՝ աջակցության համար և ուզում եմ հավաստիացնել, որ իրոք, գնահատում ենք այն բեռը և այն «շտանգան», որը պետք է բարձրացնենք։ Հավանականություն կա՞ որ ժողովրդի լեզվով ասած, գրիժա կստանանք։ Կա։ Կստանա՞նք, ժամանակը ցույց կտա։ Եթե միասնական լինենք, կարծում եմ, հաջողություն կունենանք», -եզրափակել է վարչապետը։

Նախքան քվեարկությունը պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը վարման կարգով ելույթ է ունեցել՝ մասնավորապես ասելով. «Ես ելույթ չեմ ունեցել, հարցեր չեմ տվել: Արդեն չորրորդ անգամն է, փորձը ցույց է տալիս, որ դրանից էական բան չի փոխվում: Այս դահլիճում նախընտրական փուլ է սկսվում, քաղաքական հայտարարություններով հանդես գալու գայթակղությունը մեծ է: Չեմ ուզում մտնել ծայրահեղությունների մեջ՝ մի կողմից որ փրկության ծրագիր է, մյուս կողմից, որ անհնար է այս վիճակում բան փոխել:

Գիտակցում ենք, որ հասարակությունը չի կարող զրկվել հույսերից: Ինչ-որ հույսեր ձեր նշանակմամբ առաջացել են: Ձեր կողմից նշանակված նախարարների պարկեշտությանը կասկածելու որևէ առիթ չունենք: Այդ առումով չեմ ուզում ժխտողական ազդակով սկսել, բայց նաև չեմ կարող լիովին աջակցել, մինչև չտեսնեմ կոնկրետ, ռեալ քայլեր: Այդ առումով ձեռնպահ կմնամ»:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն նշել է ծրագրի և ոչ միայն դրա հետ կապված խնդիրները. «Չենք կարող վստահություն հայտնել իշխող կուսակցության կողմից ներկայացված որևէ կառավարությանը, որովհետև անցած տարիները նման հիմքեր մեզ թույլ չեն տալիս: Մենք ծրագրի քվեարկությունը համարում ենք վստահության քվեարկության, մեր անվստահությունը հայտնում են դեմ քվեարկելով»:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---