Պենտագոնը հայտարարել է Սիրիայում և Իրաքում Թուրքիայի գործողություններին սատարելու մասին

Պենտագոնը հայտարարել է Սիրիայում և Իրաքում Թուրքիայի գործողություններին սատարելու մասին

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն կողմ է Թուրքիայի մասնակցությանն ահաբեկչական «Իսլամական պետության» գրոհայինների դեմ գործողություններին: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը, որն այցով գտնվում է Անկարայում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ավելի վաղ Պենտագոնի ղեկավարը բանակցություններ է վարել Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Իշիկի և վարչապետ Բինալի Յիլդիրիմի հետ: Կողմերը մի շարք հարցեր են քննարկել տարածաշրջանային անվտանգության ոլորտում: Հանդիպումներն անցել են մամուլի համար փակ ռեժիմով:

«Միանգամայն նորմալ է, որ Թուրքիան հետաքրքրվում է իրադարձություններով Սիրիայում և Իրաքում: Մենք սատարում ենք իր սահմանների պաշտպանությանն ուղղված Թուրքիայի քայլերին և այդ երկրի մասնակցությանն ԻՊ ահաբեկիչների դեմ գործողություններին»,-հայտարարել է Պենտագոնի ղեկավարը Anadolu գործակալությանը:

Ըստ Թուրքիայի պաշտպանության նախարարի, Անկարան գիտակցում է, որ ԱՄՆ-ն կողմնակից է, որ «Եփրատի վահանը» գործողության դրական արդյունքը տարածվի նաև Ռաքքայի վրա, որը համարվում է ԻՊ մայրաքաղաքը:

«Ակնկալում ենք, որ ինչպես խոստացվել էր Թուրքիային, ՔԱԿ և սիրիացի քրդերի ինքնապաշտպանական ուժերը կհեռանան սիրիական Մանբիջ քաղաքից դեպի Եփրատի արևելյան ափը: Չի կարելի վստահել ահաբեկիչների խոստումներին և կանխագուշակել, թե ինչպես նրանք կվարվեն հետագայում»,-ասել է Իշիկը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Անկարան մտադիր է «Եփրատի վահան» գործողության շրջանակում 45 կմ խորությամբ անվտանգության գոտի ստեղծել Սիրիայի հյուսիսում: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Իշիկը:

Թուրքական հատուկ նշանակության ուժերն օգոստոսի 24-ի առավոտյան մտել են Սիրիայի տարածք՝ «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններից հյուսիսային Ջերաբլուս քաղաքի ազատագրման գործողության շրջանակներում: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ սիրիացի քրդերի ինքնապաշտպանական ջոկատների մարտիկները 7 գյուղ են գրավել Սիրիայի հյուսիսում գտնվող Ջարաբլուս քաղաքի մատույցներում` չնայած Անկարայի այդ շրջանից հեռանալու պահանջին: Թուրքական զինուժը պահանջել էր քրդերի ինքնապաշտպանական ուժերից հեռանալ այդ շրջանից «Եփրատի վահանը» գործողության մեկնարկից առաջ: Քրդերն ի պատասխան հայտարարել էին, որ ո՛չ ԱՄՆ-ն, ո՛չ էլ Թուրքիան չեն կարող պնդել, որ YPG-ն հետ քաշվի Եփրատի արևմտյան ափից:

 Ուշագրավ
---