Փորձնական հեռավար առաջին դասընթացն է անցկացվել ՀՀ մարզային 3 դպրոցի հետ

Փորձնական հեռավար առաջին դասընթացն է անցկացվել  ՀՀ  մարզային 3 դպրոցի հետ

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 21-ին ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի մասնակցությամբ «Այբ» դպրոցում իրականացվել է փորձնական հեռավար առաջին դասընթացը։ Միաժամանակյա կապ է հաստատվել ՀՀ Սյունիքի մարզի Լեռնաձոր գյուղի, Սևանի թիվ 1 և Իջևանի թիվ 5 դպրոցների հետ։

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ կառավարության հոկտեմբերի 13-ի նիստին ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանին հանձնարարել էր գյուղական դպրոցների զարգացման հայեցակարգի շրջանակում շաբաթական առնվազն մեկ դպրոցի հետ հեռահաղորդակցային կապ ապահովել՝ մշակելով տվյալ դպրոցի հետ համապատասխան ուսուցողական ծրագրի կիրառման մեխանիզմներ:

«Էլեկտրական հոսանքի ստացումը և հատկությունները» թեմայով քիմիա-ֆիզիկա ինտեգրված դասընթացն անցկացրել են «Այբ» դպրոցի ֆիզիկայի ուսուցիչ Բիլոր Կուրղինյանը և քիմիայի ուսուցիչ Լևոն Սարգսյանը։

Նախարար Մկրտչյանը մինչև դասի մեկնարկն ասել է. «Շնորհավորում եմ բոլորիդ, որովհետև դուք մեր գիտափորձի առաջին մասնակիցներն եք: Պետք է փորձենք էլեկտրոնային դասավանդման այս ձևաչափը հնարավորինս կիրառելի դարձնել և գործընթացում ներառել հատկապես քիչ թվով աշակերտներ ունեցող դպրոցները: Մեր լավագույն դպրոցներից մեկը՝ «Այբը», այսօր տրամադրել է իր հնարավորությունները:

Սիրելի աշակերտներ, մենք ձեր օգնության կարիքն ունենք. ակտիվ եղեք և առաջարկներ ներկայացրեք՝ ինչպես կցանկանաք, որ այս դասընթացները կազմակերպվեն, ինչ խնդիրներ եք տեսնում, ձեզ հետաքրքրող թեմաներն ուղարկեք, որպեսզի սկսենք աստիճանաբար սա դարձնել մեր կյանքի մի մասը: Այն, ինչ հասու է մեծ քաղաքների դպրոցներում, պետք է անպայման ունենան նաև գյուղական դպրոցների աշակերտները, որպեսզի նաև տեխնիկական միջոցների շնորհիվ մեծացնենք նրանց գիտելիքների և հետաքրքրությունների շրջանակը: Այս իմաստով էլեկտրոնային կրթությունն այլընտրանք չունի»,-նշել է նախարարը՝ հավելելով, որ հնարավորինս կարճ ժամանակահատվածում կմշակվի էլեկտրոնային դասընթացներ անցկացնելու ամբողջական մեթոդը:

Դասի ընթացքում իրականացվել են նաև փորձ-ցուցադրություններ, իսկ երեխաների առավելագույն ներգրավվածությունն ապահովվել է հարցերի ու քննարկումների միջոցով։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---