Զուրաբյանն առաջարկել է մենաշնորհների հարցը քննարկելու համար ԱԺ լսումներ անցկացնել

Զուրաբյանն առաջարկել է մենաշնորհների հարցը քննարկելու համար ԱԺ լսումներ անցկացնել

PanARMENIAN.Net - Լայն սպառման ապրանքների շուկաներում մենաշնորհները դարձել են Հայաստանում ամենամեծ կոռուպցիոն չարիքը: Հոկտեմբերի 24-ին Ազգային ժողովի նիստում այս մասին բարձրաձայնել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ նշելով, որ դրա պատճառով տուժում է ամբողջ բնակչությունը, թոշակառուները, սոցիալական անապահով վճակում գտնվող մարդիկ, ովքեր ստիպված են սննդամթերքն արհեստականորեն ուռճացված գներով գնել:

Panorama.am-ը գրում է, որ ըստ նրա, դրանից տուժում է բիզնեսը, որովհետև փակ է մրցակցության համար, նաև չհիմնավորված ծախսերի պատճառով: Զուրաբյանը նաև ասել է, թե վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարում է, որ բոլորն այսուհետ առանց խոչընդոտների կարող են զբաղվել ներկրմամբ, «եթե խոչընդոտներ լինեն, առաջարկել է Պետրոս Ղազարյանին զանգահարել իր հեռախոսին և այդ մասին հայտնել»:

Ընդդիրմադիր պատգամավորի կարծիքով դա հարցի լուծում չէ, նա առաջարկել է Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանին այս հարցը հասարակության ուշադրության կենտրոնում դնելու նպատակով հրավիրել ԱԺ լսումներ:

«Եկեք այս հարցերն իսկապես դարձնենք լուրջ քննարկման առարկա: Կարևոր է, որ թափանցիկ քննարկենք, հասկանանք՝ ինչ է կատարվում մենաշնորհների ոլորտում, ինչ անհետաձգելի միջոցառումներ անցկացնենք, որպեսզի ապօրինի մենաշնորհները վերացվի: Կարծում եմ՝ հասարակությանը հուզող ամենակարևոր հարցերից է: Սրանից բոլորս կշահենք, եթե անցկացնենք լսումներ»,- ասել է նա:

Գալուստ Սահակյանը նշել է, որ միշտ էլ կարող են անցկացնել լսումնել, բայց նախ և առաջ փաստեր են պետք:

«Առավել ևս, եթե վարչապետն այդ մասին խոսել է, առաջիկայում իր բանաձևը կներկայացնի: Բավականին լուրջ և մեծ կառույց կա այդ գործով զբաղվող: Պետք է մի փոքր սպասել, տեսնել՝ կառավարությունն ինչ է անում, այդ իմաստով եթե դրա անհրաժեշտությունը լինի, հրավիրել նաև կառավարությանը»,- ասել է ԱԺ նախագահը:

Նիկոլ Փաշինյանն էլ նշել է, թե մենաշնորհի մասին վարչապետի հայտարարությանը հակասող դեպքեր կան՝ բերելով 2 օրինակ: Առաջինը՝ ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր, ազատամարտիկ Վահան Բադասյանը հայտարարությամբ Մովսես Հակոբյանին մեղադրանքներ է ներկայացրել բանակի մատակարարումների ոլորտում կոռուպցիոն ներգրավվածության մասին (խոսքը այլուրի, հացի, հացահատիկի մասին է). ըստ Բադասյանի՝ պրն. Հակոբյանը կոռուպցիոն չարաշահուներ է թույլ տվել:

«Ես կարծում եմ՝ Կառավարությունը պետք է հատուկ ուշադրություն դարձնի այս խնդիրին և նաև ԱԺ-ում հանդես գա հատուկ պարզաբանմամբ»,- ասել է նա:

Երկրորդ խնդիրը վերաբերում է դիզելային վառելիքի ներկրմանը: Ըստ ահազանգի՝ ներկրվող դիզելային վառելիքի չափանիշներն այնպես են փոխվել, որ փաստացի ՀՀ կարող է ներմուծվել միայն ՌԴ-ում արտադրված վառելիք:

«Եթե սա համապատասխանում է իրականությանը, ստացվում է, որ Կառավարությունը, որոշակի սահմանափակումներ դնելով, կոնկրետ դիզելային վառելիքի շուկայում մենաշնորհ է սահմանել ռուսական «Ռոսնեֆտ» ընկերության համար»,- ասել է նա՝ նշելով, որ այս թեմայով ևս սպասում է պարզաբանման:

Հոկտեմբերի 22-ին վարչապետ Կարեն Կարապետյանը հեռուստաընկերություններին տված հարցազրույցի ընթացքում ասել է, թե նոր կառավարությունը չի պատրաստվում նպատակաուղղված պայքար տանել մենաշնորհները վերացնելու ուղղությամբ, սակայն ստեղծելու է հավասար պայմաններ, որպեսզի ոչ ոք չունենա ադմինիստրատիվ կամ կոռուպցիոն լծակներ կիրառելու հնարավորություն` գերիշխող դիրք ստանալու համար:

Ճշտող հարցին, թե ճիշտ է եզրակացնել, որ ցանկացած մարդ կարող է ցանկացած ապրանք ներմուծել, վարչապետը դրական է պատասխանել: «Երբ որ իմանաք, որ նման խոչընդոտ կա՝ անձամբ ինձ զանգահարում եք», - շեշտել է նա:

Կարդացեք նաև՝Վարչապետ. Յուրաքանչյուր մարդ կարող է ներմուծել ինչ ցանկանա, խոչընդոտի դեպքում զանգում եք ինձ

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---