Գերմանիան չեղարկել է Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգը Թուրքիայում

Գերմանիան չեղարկել է Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված  համերգը Թուրքիայում

PanARMENIAN.Net - Գերմանիան չեղարկել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Աղետ» խորագրով համերգը, որ նախատեսված էր նոյեմբերի 13-ին Ստամբուլում Գերմանիայի գլխավոր հյուպատոսարանում: DPA գործակալությանը հղումով «Ազատություն» ռադիոկայանը հաղորդում է, որ Գերմանիայի արտգործնախարարությունը հայտարարում է, թե Դրեզդենի սիմֆոնիկ նվագախմբի ստամբուլյան համերգը հետաձգվել է, քանի որ հյուպատոսարանի սրահները տվյալ օրը ազատ չեն լինելու: Հայտնի չէ, սակայն, միջոցառման անցկացման նոր ամսաթիվը:

Համերգին, որին հետևելու էր Հայ-թուրք-գերմանական բարեկամական միության հիմնադրման արարողությունը, հրավիրվել էին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, վարչապետ Բինալի Յըլդըրըմը, արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն և մշակույթի նախարար Նաբի Ավջըն: Գերմանիայի արտգործնախարարությունը նշել է, թե հրավերներն ուղարկվել են առանց արտաքին գերատեսչության մասնակցության:

Վերջին յոթ ամսվա ընթացքում Անկարան սուր քննադատություն էր հնչեցնում «Աղետ» նախագծի վերաբերյալ, որը ֆինանսավորվում է Եվրամիության և Գերմանիայի արտգործնախարարության կողմից: Անցած ապրիլին Թուրքիայի արտգործնախարարությունը Եվրահանձնաժողովից պահանջել էր դադարեցնել «Աղետ» նախագծի ֆինանսավորումը, որը մոտ 200 հազար եվրո է կազմում: Դրեզդենի սիմֆոնիկ նվագախմբի ղեկավար Մարկուս Ռինդտը թուրքական իշխանությունների այդ քայլը որակել էր որպես «խոսքի ազատության բռնաճնշում»:

Հոկտեմբերի սկզբին էլ Անկարան դադարեցրել է իր մասնակցությունը «Ստեղծարար Եվրոպա» ծրագրին, որի շրջանակում Թուրքիան 2014 թվականից ի վեր տարեկան մի քանի միլիոն եվրո աջակցություն էր ստանում մշակութային ծրագրեր իրականացնելու համար: Որպես պատճառ նշվել էր «Ստեղծարար Եվրոպա» ծրագրի կողմից «Աղետ» նախագծի ֆինանսավորման հանգամանքը:

«Աղետ» նախագիծը, որը միավորում է հայ, թուրք և գերմանացի երաժիշտների, 2015 թվականի մայիսից հանդես է գալիս Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգաշարով: Նախագիծը կավարտվի 2017 թվականի ապրիլին:

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---