Գյուղատնտեսական տեխնիկայի պետտեսչությունը լուծարվելու է

Գյուղատնտեսական տեխնիկայի պետտեսչությունը լուծարվելու է

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 27-ի նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական է տվել գյուղատնտեսության նախարարությանը: Մեկշաբաթյա ժամկետում նախարարությունը պետք է ներկայացնի գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչության լուծարման մասին փաթեթը:

«Կարծում եմ՝ որոշումը մեկնաբանելու կարիք չկա»,- ասել է վարչապետը, գրում է A1plus.am-ը:

Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը այս հանձնարարականի վերաբերյալ հարց է տվել. «Իսկ ո՞ւր են գնալու այս կառույցի լիազորությունները, ես ուղղակի տեղյակ չեմ, առաջին անգամ եմ լսում, դրա համար եմ հարցնում»:

Հարցին պատասխանել է կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանը. «Մի շարք տեսչություններում ուսումնասիրություններ են արվել, եւ այն տեսչությունները, որոնք պետությանն օգուտ չեն տալիս, լուծարվում են, դրանց թվում է նաև գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչությունը։ Իսկ տեսչության պետհամարանիշերի վերաբերյալ գործառույթը տրվում է Ոստիկանությանը, մյուս մասերով՝ ոչ մեկին, տեսչությունը լուծարվում է»:

Վարչապետ Կարեն Կարապետյանը հոկտեմբերի 27-ին կառավարության նիստի օրակարգին անցնելուց առաջ հանձնարարել է նախարարներին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում հոկտեմբերի 31-ին հաջորդ տարվա բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ ոլորտները ավելի շատ ծրագրային բյուջետավորման ձևաչափով և կառավարության ծրագրային դրույթներից ելնելով ներկայացնել: Վարչապետն ասել է, որ անհրաժեշտ է պատգամավորներին և հանրությանը մատչելի և հասկանալի ներկայացնել բոլոր այն մոտեցումներն ու սկզբունքները, որոնց ներքո ձևավորվել են բյուջեները:

Վարչապետի հանձնարարականների շարքում էր նաև փոքր ՀԷԿ-երի ջրօգտագործման թույլտվության սահմանափակումը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---