Շեքսպիրյան 12-րդ թատերական փառատոն. 9 բեմահարթակում ավելի քան 15 ներկայացում է ցուցադրվել

Շեքսպիրյան 12-րդ թատերական փառատոն. 9 բեմահարթակում ավելի քան 15 ներկայացում է ցուցադրվել

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 20-26-ը Երևանում կայացել է Շեքսպիրյան միջազգային 12-րդ թատերական փառատոնը: Այն եզրափակվել է «Մաստերսկայա» թատրոնի (Ռուսաստան, Սանկտ Պետերբուրգ) «Մի անգամ Էլսինորում. Համլետ» ներկայացմամբ:

Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնն այս տարի հյուրընկալել է մոտ 130 մասնակցի և հյուրի 15 երկրից՝ Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Սլովակիայից, Լեհաստանից, Ռումինիայից, Նիգերիայից, Ալժիրից, Մոնղոլիայից, Ուկրաինայից, Ռուսաստանից, Վրաստանից և այլ երկրներից:

Թատերասեր հանրությունը հնարավորություն ուներ դիտելու դրամատիկական, երաժշտական, մոնոներկայացումներ, ֆիզիկական շարժման ներկայացումներ:

Երևանյան 9 բեմահարթակում ցուցադրվել է ավելի քան 15 ներկայացում: Փառատոնի շրջանակում ցուցադրվել են Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի անվան պետական ակադեմիական թատրոնի «Հուլիոս Կեսար», Ուլյանովսկի Ի. Գոնչարովի անվան դրամատիկական թատրոնի «Յագո կամ Տրակտատ թաշկինակի մասին», Վոլոդիմիր Զավալնյուկի «Պերետվորենիե» թատրոնի «Համլետ», «Մաստերսկայա» թատրոնի «Մի անգամ Էլսինորում. Համլետ», Ստանիսլավ Սոյկա և Կրակովի երգիչներ երաժշտական խմբի «Շեքսպիր Ակապելլա» ներկայացումները:

Երևանյան թատրոններից՝ Շեքսպիրյան փառատոնի ծրագրում հանդես են եկել Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական, Հ. Թումանյանի անվան տիկնիկային, «Փոքր» և այլ թատրոններ:

Այս տարի Շեքսպիրյան փառատոնը հանդես է եկել տարբեր ծրագրերով. կայացավ միջազգային թատերական նախագիծ (գեղարվեստական ղեկավար՝ Հակոբ Ղազանչյան), որի նպատակն էր համատեղ ներկայացման միջոցով միավորել տարբեր ժողովուրդների թատերական մշակույթները (Հայաստան - Ալժիր - Ռումինիա - Նիգերիա - Բրազիլիա - Մոնղոլիա): Բեմ բարձրացավ թատերական ֆանտազիա Վ. Շեքսպիրի «Փոթորիկ» պիեսի մոտիվներով:

Երևանի Շեքսպիրյան փառատոնի պատվավոր հյուրերի շարքում էին՝ աշխարհահռչակ բեմադրիչ Ռոբերտ Ստուրուան, անգլիացի դերասան և դրամատուրգ, Էդինբուրգի թատերական փառատոնի ժյուրիի պատվավոր անդամ Փիփ Աթթոնը, գերմանացի երաժշտագետ, տեսաբան, մշակութային մենեջեր Դիեթեր Թոփը, Կրայովայի Շեքսպիրյան միջազգային փառատոնի տնօրեն, բեմադրիչ Ալեքսանդրու Բուրունուն և այլ պատվավոր հյուրեր: Նրանց ղեկավարությամբ անց են կացվել վարպետության դասեր:

Փառատոնի բոլոր մասնակիցներին տրվել են մասնակցության հավաստագրեր: Հիմնական ներկայացումների մուտքը եղել է հրավիրատոմսերով: Փառատոնի գեղարվեստական ղեկավարն է Հակոբ Ղազանչյանը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---