Բարձր տպագրության ընկերությունը $11 մլն-ի ներդրում է պատրաստվում անել ՀՀ-ում

Բարձր տպագրության ընկերությունը  $11 մլն-ի ներդրում է պատրաստվում անել ՀՀ-ում

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարության որոշմամբ «Սեմկո Սի Այ Էս» ՍՊԸ-ին տրամադրվել է «Ալյանս» ազատ տնտեսական գոտու շահագործողի թույլտվություն: Ընկերությունը նախատեսում է բարձր տպագրության և հատուկ տպիչ սարքերի արտադրության ոլորտում գործունեություն ծավալել:

Հատուկ S.S.R.P. թղթի կամ պլաստիկ քարտերի վրա կարելի է տպագրել ցանկացած պատկեր, այդ թվում՝ անձնական լուսանկարներ, որոնք հնարավոր չէ կեղծել։ Հնարավոր արտադրանքի տեսակներն են՝ թղթադրամը, անձնագրերը, տարատեսակ պետական նշանակության փաստաթղթերը, պարտատոմսերը, արտոնագրերն ու դիպլոմները, տարբեր տեսակի պլաստիկ քարտերը՝ պետական նույնականացման քարտերը, վարորդական իրավունքները, բանկային քարտերը և այլն։

Նախատեսվում է, որ ծրագրի առաջին տարում արտահանման ծավալը կկազմի մոտ $2.5 մլն, իսկ 5-րդ տարում` շուրջ $8 մլն: Ծրագրի շրջանակում իրականացվելիք ներդրումները կկազմեն մոտ $11 մլն, կստեղծվեն նոր աշխատատեղեր:

«Ալյանս» ազատ տնտեսական գոտու շահագործողի թույլտվություն է տրամադրվել նաև «Թեքնոլոջի ընդ սայնս դայնամիքս» ՍՊԸ-ին՝ պլանշետների հավաքման և ծրագրավորման գործունեություն իրականացնելու համար:

Ընկերությունը, որը հանդիսանում է «Ալյանս» ԱՏԳ առաջին շահագործողներից մեկը, արտասահմանում ներկայացնում է armtab, armenian tablet և armphone, armenian phone ապրանքային նշանները և դրանց ներքո ներկայացվող ապրանքները, որոնք ունեն մեծ պահանջարկ։ Գործունեության առաջին տարիների ընթացքում (2015-2016թթ.) վաճառվել է 2000-ից ավելի սարքավորում (պլանշետներ և բջջային հեռախոսներ), մինչև 2016թ. տարեվերջ այդ քանակը կհատի 3500-4000-ի շեմը, առաջիկա տարիներին նախատեսվում է այդ թվաքանակը հասցնել տարեկան 10000-15000 միավորի: Արտադրանքը կարտահանվի ԱՄՆ, ԵՏՄ, ԵՄ և Մերձավոր Արևելքի երկրներ և այլն:

2015թ. ընկերությունը նաև արտահանել է իր մշակած մի շարք լուծումներ ՏՏ, հեռահաղորդակցության, տվյալների փոխանցման համար տեխնոլոգիական սարքավորումների, համակարգերի և նյութերի նախագծման ոլորտում, որոնց ընդհանուր արժեքը կազմել է մոտ 400 մլն ՀՀ դրամ, որը համարժեք է $850.000-ի: 2014-2016թթ. ընթացքում իրականացված ներդրումների ընդհանուր ծավալը կազմել է 1.861.224.000 դրամ, ինչը համարժեք է $3.877.55-ի: Նոր տեխնոլոգիաների ներդրման և նոր աշխատատեղերի ստեղծման նպատակով նախատեսվում է առաջիկա 7 տարվա ընթացքում ներդնել ևս $3.000.000-ին համարժեք գումար:

Ներկայում ընկերությունն ունի 105 աշխատակից և 7 տարվա ընթացքում նախատեսում է կրկնապատկել աշխատակիցների թիվը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---