28 հոկտեմբերի 2016 - 10:09 AMT
Ադրբեջանական ԶՈւ-ն կիրառել է ՈւՏՅՈՍ և ԴՇԿ տիպի խոշոր տրամաչափի գնդացիրներ

Հոկտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է մոտ 60 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 700 կրակոց:

Շփման գծի հարավային և հյուսիսային ուղղություններով ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ՈւՏՅՈՍ և ԴՇԿ տիպի խոշոր տրամաչափի գնդացիրներ (141 կրակոց):

ՊԲ առաջապահ զորամասերը շարունակել են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը` խիստ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների, տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Հոկտեմբերի 26-ի լույս 27-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է մոտ 20 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 200 կրակոց: Շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև հաստոցավոր ավտոմատ նռնականետ ( ՀԱՆ-17 /12 արկ/) և ձեռքի հակատանկային նռնականետ ( ՁՀՆ-7 /2 արկ/):

Հոկտեմբերի 26-ին հյուսիսարևելյան (Թալիշ) ուղղությամբ, բացի հրաձգային զինատեսակներից, ադրբեջանական զինուժը կիրառել է նաև հաստոցավոր ավտոմատ նռնականետ (ՀԱՆ-17) և հակատանկային հաստոցավոր նռնականետ (ՀՀՆ-9):

Հակառակորդի կողմից հրադադարի խախտման արդյունքում` ժամը 17:00-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1996թ. ծնված Գուրգեն Ավետիքի Այվազյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: