Ակադեմիկոս Ռուբեն Համբարձումյանը նշում է 75-ամյակը

Ակադեմիկոս Ռուբեն Համբարձումյանը նշում է 75-ամյակը

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 28-ին լրացավ աշխարհահռչակ ակադեմիկոս Ռուբեն Համբարձումյանի 75-ամյակը:

Մաթեմատիկոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր և ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռուբեն Վիկտորի Համբարձումյանը ծնվել է Թաթարստանի Ելաբուգա քաղաքում Վիկտոր Համբարձումյանի և Վերա Ֆեոդորովնայի ընտանիքում: Ակադեմիկոս Ռուբեն Համբարձումյանը խոստովանում է, որ մաթեմատիկոսի իր մասնագիտությունն ընտրելուհարցում մեծ դեր է խաղացել հայրը, որը շատ խստապահանջ էր:

1962 թ. նա ավարտել է Մոսկվայի պետական համալսարանը։ Մասնագիտական ուղին սկսվել է 1963 թվականից ՀՀ ԳԱԱ մաթեմատիկայի ինստիտուտում և Երևանի պետական համալսարանում: Նրա աշխատանքները վերաբերում են ինտեգրալ և ստոխաստիկ երկրաչափությանը, պատահական պրոցեսների տեսությանը։

Նա լուծել է Բյուֆոն-Սիլվեստրի խնդիրը, տվել է Հիլբերտի 4-րդ խնդրի միակ լուծումը երկչափ և եռաչափ տարածություններում, կառուցել կոմբինատորային ինտեգրալ երկրաչափության տեսությունը, որը մաթեմատիկոսների համաշխարհային հանրության կողմից ընդունվել է որպես մաթեմատիկայի նոր ուղղության հիմք:

Երկրաչափական հավանականությունների տեսության մեջ առաջադրել է ֆակտորացման հաշիվը: Ակադեմիկոսի պարգևների թվում են 1965 թ. ՀԼԿԵՄ ԿԿ մրցանակը, 1982 թ. Քեմբրիջի համալսարանի Ռ. Դավիդսոնի անվան մրցանակը, իսկ 2013 թ. գիտնականը պարգևատրվել է Անանիա Շիրակացու մեդալով:

Ռուբեն Համբարձումյանը դասավանդել է աշխարհի լավագույն համալսարաններում՝ ԱՄՆ-ում, Կանադայում, Հնդկաստանում, Իսրայելում, Ֆրանսիայում և Շվեյցարիայում: Գիտնականը մոտ 20 տարի եղել է ՀՀ ԳԱԱ «Տեղեկագիր. Մաթեմատիկա» պարբերականի գլխավոր խմբագիրը, որը նրա շնորհիվ ձեռք է բերել համաշխարհային ճանաչում և հրատարակվել է նաև անգլերեն: Դա հնարավորություն է տվել աջակցելու հայկական մաթեմատիկային դժվար ժամանակներում:

Այժմ Ռուբեն Համբարձումյանի Ֆրիբուրգի համալսարանի հետ գործակցությամբ զբաղվում է Արագած լեռան գագաթին արհեստական սառցադաշտերի ստեղծմամբ: Freezwater-ը Արագածի բարձրադիր գոտիներում ջրի պահպանման ծրագիր է, որի շնորհիվ լեռան հարակից գյուղական տարածքներն ամռան վերջին ապահովվելու են ոռոգման ջրով: Նախագիծն ունի նաև համաշխարհային նշանակություն, քանի որ գլոբալ տաքացումը սպառնում է ամբողջ աշխարհին, և աշխարհի գիտնականների խնդիրը սառցադաշտերի հալոցքը կանխարգելելն է:

Համբարձումյանի նախագիծը հնարավորություն է տալիս ոչ միայն պահպանելու, այլև ստեղծելու սառցադաշտեր նվազագույն միջոցներ ծախսելու միջոցով: Կարևոր են նաև ակադեմիկոս Համբարձումյանի պատմական բացահայտումները և նրա՝ 2015-ին Գերմանիայում լույս տեսած «Վիլսոնյան Հայաստան» աշխատությունը: Այսօր, երբ հրատապ է պատմական կեղծիքների հարցը, և դարձյալ բարձրացվում են աշխարհաքաղաքական հարցեր,

Համբարձումյանի պատմագիտական ուսումնասիրությունները բացում են նոր հնարավորություններ և ապագա սերունդներին տալիս պատմական գործընթացները վերաիմաստավորելու բազմաթիվ առիթներ: Այսօր էլ ակադեմիկոս Համբարձումյանը դասախոսում է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում և փոխանցում իր գիտելիքներն ապագա մաթեմատիկոսներին:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---