Fintegration հեքըթոն է անցկացվելու Հայաստանում. Լավագույնները դրամական մրցանակներ կստանան

Fintegration հեքըթոն է անցկացվելու Հայաստանում. Լավագույնները դրամական մրցանակներ կստանան

PanARMENIAN.Net - Հայաստանում անցկացվելու է Fintegration հեքըթոն, որն ուղղված է ֆինանսաբանկային և ՏՏ ոլորտների համագործակցության հետագա ինտեգրմանն ու զարգացմանը։

Միջոցառումը նախաձեռնել են Դոմ-Դենիել ընկերությունը և Մայքրոսոֆթի հայաստանյան գրասենյակը, ՀՀ կենտրոնական բանկի ու ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ի արաջկցությամբ:

«Fintegration հապավումն առաջացել է ֆինանսներ, տեխնոլոգիա և ինտեգրացիա բառերի համադրումից: Եվ այսհամադրումը լավագույնս ներկայացնում է միջոցառման նպատակը»,- պարզաբանել է Դոմ-Դենիել ընկերության տնօրեն Արտաշես Քալանթարյանը:

Տեխնոլոգիական այս հնգօրյա մարաթոնը կազմված է երկու փուլից։ Հոկտեմբերի 25-26-ը հեքըթոնը մեկնարկել է մասնակցության հայտ ներկայացրած ծրագրավորողների, դիզայներների, մենեջերների, ինչպես նաև ֆինանսաբանկային ոլորտի մասնագետների համար կազմակերպված հատուկ դասընթացներով, որոնք անցկացրել են Մայքրոսոֆթի գլխամասային գրասենյակի մի խումբ առաջատար մասնագետները՝ Միկալ Զելինսկին, Մաքս Զիլբերմանը, Թոմաս Կոնտեն, Քեյլ Թիթերը և Լուիս Գերերո Գուրադոն։

«Հայաստանը կարևոր շուկա է Մայքրոսոֆթի համար։ Եվ դրա լավագույն ապացույցը թրեյնինգն անցկացնող մասնագետների կազմն է։ Ի լրում այս օրերի դասընթացավարների՝ այսօր Երևան կժամանեն Մայքրոսոֆթի Մուլթի Քաունթրի Յուրոփ տարածաշրջանի ղեկավար Մայքլ Կոգելերը և Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայի ռազմավարական տեխնոլոգիաների ղեկավար Ալեքսանդրը Լոժեչկինը, ովքեր նաև ընդգրկված են հեքըթոնի ժյուրիի կազմում»,- ասել է Մայքրոսոֆթի հայաստանյան գրասենյակի ղեկավար Լիանա Կորկոտյանը:

Դասընթացների վերջին օրը՝ հոկտեմբերի 27-ին, Կենտրոնական բանկի և ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ի մասնագետները ներկայացրին հայաստանյան ֆինանսատնտեսական շուկան, առկա ֆինանսաբանկային լուծումներն ու գործիքները, ինչպես նաև նախանշեցին այն ոլորտները, որտեղ հատկապես կարևորում են ֆինանսաբանկային և ՏՏ ոլորտների համագործակցությունը և ակնկալում նոր լուծումներ:

Հոկտեմբերի 28-29-ը Դիլիջանում կկայանա հեքըթոնի ամփոփիչ փուլը՝ բուն հեքըթոնը: Ընտրված 25 թիմը 18-ժամյա հեքըթոնի ընթացքում, օգտագործելով Microsoft-ի BlockChain, Cognitive Services, Cortana Analytics և Bot Framework առաջադեմ տեխնոլոգիական հարթակները և թրեյնինգների ընթացքում ձեռք բերած գիտելիքները, պետք է նորարարական լուծումներ, ծրագրեր և նախագծեր ստեղծեն ու մշակեն, դրանք ներկայացնեն ժյուրիի, ինչպես նաև ֆինանսաբանկային ոլորտի հրավիրված ղեկավարների դատին:

«Ակնկալում ենք հիրավի արժեքավոր նախագծեր, որոնցից լավագույնները կարժանանան հատուկ դրամական մրցանակների համապատասխան անվանակարգերում՝ «Պարզապես լավագույնը»՝ 610.000, «Տեխնոլոգիական առաջընթաց»՝ 377000, «Իսկապես ստեղծագործական»՝ 233000 դրամ մրցանակներով:

Դոմ-Դենիել ընկերությունը համակարգերի ինտեգրացիայի լուծումներ առաջարկող կազմակերպություն է, որի գլխամասային գրասենյակը Հայաստանում է։ 2003-ին ստեղծված ընկերությունը համակարգերի ինտեգրացիայի, խորհրդատվության և ծրագրային ապահովման շուկաների առաջատարն է։ Ընկերությունը Մայքրոսոֆթի սերտիֆիկացված գործընկեր է, իսկ 2016-ին ճանաչվել է Մայքրոսոֆթի լավագույն գործընկեր Հայաստանում: Դոմ-Դենիելը Մայքրոսոֆթի լիցենզավորման լուծումների մատակարար է (LSP) Հայաստանում, իսկ ամպային լուծումներ մատակարար է (CSP) Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի ավելի քան 40 երկրներում։

Մայքրոսոֆթ ընկերության հայաստանյան գրասենյակըհիմնադրվել է 2006 թվականին: Ընկերության գործունեության հիմնական ուղղություններն են համագործակցությունը Հայաստանի Հանրապետության կառավարության հետ` կրթության, առողջապահության, կիբերանվտանգության, սոցիալական, էլ.կառավարման և այլ ոլորտներում, ՀՀ-ում մտավոր սեփականության պաշտպանությանն ուղղված գործունեությունը, աջակցությունը տեղական ՏՏ արդյունաբերությանը` արդի տեխնոլոգիաների և հմտությունների փոխանցման միջոցով, գործընկերների էկոհամակարգի ստեղծումը, աջակցությունը տեղական մասնավոր և հասարակական ընկերություններին` ՀՀ-ում ՏՏ ենթակառուցվածքի զարգացման գործում, նոր կատարելագործված բիզնես լուծումների ներդրումը, վերապատրաստումը և սերտիֆիկացումը։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---