Եվս 3 սիրիահայ ընտանիք է տեղափոխվել Հայաստան

Եվս 3 սիրիահայ  ընտանիք է տեղափոխվել Հայաստան

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 28-ին Սիրիայից Հայաստան են ժամանել Նարինյանների, Ղարիբյանների և Սաբաների ընտանիքները: Հայաստան տեղափոխության ծախսերը հոգացել է Հայ Ավետարանական ընկերակցությունը:

Ընտանիքներին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել են ՀՀ սփյուռքի նախարարության Մերձավոր և Միջին Արևելքի հայ համայնքների վարչության պետ Լևոն Անտոնյանը, «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող» ՀԿ-ի աշխատակից Նոռա Փիլիպոսյանը և Հայ Ավետարանական ընկերակցության Երևանի գրասենյակի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Լուսինե Օհանյանը: Դիմավարողների թվում են եղել նաև սիրիահայ ընտանիքների հարազատները:

Լևոն Անտոնյանը ասել է, որ սիրիահայ ընտանիքները ժամանակավորապես իրենց հարազատների բնակարաններում են ապրելու, մինչև նրանց համար բնակարաններ կվարձակալվեն: Բնակարանավարձը տրամադրելու է Հայ Ավետարանական ընկերակցությունը, գրում է սփյուռքի նախարարության «Հայերն այսօր» պարբերականը:

Մեկ ընտանիք ժամանակավոր բնակություն է հաստատել Հարավ-արևմտյան թաղամասում ապրող հարազատների տանը: Մյուս երկու սիրիահայ ընտանիքները ՀՀ սփյուռքի նախարարության տրամադրած ավտոբուսով օդանավակայանից տեղափոխվել են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան և Արմավիրի մարզի Փարաքար գյուղ, որտեղ ապրում են նրանց բարեկամները:

2016-ի 10 ամսիների ընթացքում Հայաստան է տեղափոխվել 428 սիրիահայ (մոտ 100 ընտանիք)՝ «Սիրիահայերի խնդիրների համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպության տվյալներով:

Սեպտեմբերի 22-ին սիրիական բանակի հրամանատարությունը հայտարարեց Հալեպի ահաբեկիչների կողմից վերահսկվող արևելյան հատվածներում ռազմական գործողություններ սկսելու մասին:

ՀՀ սփյուռքի նախարարության տվյալներով, պատերազմի 5 տարվա ընթացքում Սիրիայում հայկական համայնքը 250 հազարից կրճատվել է մինչև 22-30 հազարի: Այս տարիներին Սիրիայից Հայաստան է տեղափոխվել 20 հազար հայ, որոնցից 17 հազարը մնացել է այստեղ, իսկ 13 հազարը դարձել է ՀՀ քաղաքացի:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---