«Մանկական Եվրատեսիլ»-ի հայաստանյան երգի և տեսահոլովակի պրեմիերան կայացել է (վիդեո)

«Մանկական Եվրատեսիլ»-ի հայաստանյան երգի և տեսահոլովակի պրեմիերան կայացել է

PanARMENIAN.Net - Կայացել է «Մանկական Եվրատեսիլ-2016» մրցույթի հայաստանյան երգի և տեսահոլովակի պրեմիերան: 2016-ին միջազգային հեղինակավոր մրցույթին Մերի Վարդանյանն ու Անահիտ Ադամյանը կներկայանան «Տարբեր» երգով:

Ներկայացված տասնյակ երգերից Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական խմբի որոշմամբ՝ «Մանկական Եվրատեսիլ»-ի բեմում այս տարի կհնչի Նիկ Եգիբյանի և Ավետ Բարսեղյանի հեղինակած երգը: Երգի հիմքում երկու պատանի երգչուհու ոճային տարբերություններն են ու «պայքարը» դրա շուրջ: Մրցութային «Տարբեր» տեսահոլովակի ռեժիսորը Արամայիս Հայրապետյանն է, հայտնում է Հանրային հեռուստաընկերության կայքը:

«Երբ ծանոթացա երեխաների վոկալային տվյալներին և ոճային առանձնահատկություններին, միանգամից հասկացա, թե ինչ երգ եմ ցանկանում նրանց համար գրել: Արդյունքում ստացանք այս տարբերակը, որը կարծում եմ լավագույնս համապատասխանում է երեխաներին: Թեև նրանք երգեցողության առումով տարբեր են, այնուամենայնիվ, կա ընդհանուր տրամադրություն, որը միավորում է նրանց»,- նշում է երաժշտության հեղինակը:

Ավետ Բարսեղյանի խոսքով՝ երգի համար ընտրվել է մի թեմա, որը պատանիների հետաքրքրության և քննարկումների շրջանակում է, ինչպես նաև նորաձևության ոլորտի հավերժական տարբերակումն է՝ դասականի և սպորտայինի: «Այն, որ երգը պետք է հակադրությունների հիման վրա կազմվեր, պարզ էր հենց առաջին վայրկյանից, քանի որ աղջիկները վիզուալ շատ տարբեր են, նրանց միավորում է երգը, ժպիտն ու սերը»,- նշում է Բարսեղյանը:

«Մանկական Եվրատեսիլ»-ն 2016-ին կանցկացվի 14-րդ անգամ և կկայանա նոյեմբերի 20-ին՝ Մալթայի մայրաքաղաք Վալետայում, որը 2-րդ անգամ է հյուրընկալում մրցույթը:

Ի դեպ, մրցույթի կանոններում այս տարի մի քանի փոփոխություններ են մտցվել: Մրցույթին հնարավորություն ունեն մասնակցելու 9-14 տարեկան երեխաները՝ նախկինում 10-15-ի փոխարեն: Այս տարի հանվել է հեռուստադիտողի քվեարկությունը: Հաղթողին կորոշեն մասնակից երկրների պրոֆեսիոնալ և մանկական ժյուրիները, ինչպես նաև փորձագետների ժյուրիի քվեարկությունը: Ժյուրիի կազմում կլինեն 3 եվրոպացի հայտնի արվեստագետներ: Վերջնական փոփոխվել են նաև մրցույթի հեռարձակման ժամերը. եվրատեսիլյան երկրպագուները հնարավորություն կունենան դիտելու այն ոչ թե գիշերը, այլ երեկոյան:

Մրցույթին այս տարի կմասնակցեն 17 երկիր՝ Ալբանիան, Հայաստանը, Ավստրալիան, Բելառուսը, Բուլղարիան, Կիպրոսը,Վրաստանը, Իռլանդիան, Իսրայելը, Իտալիան, Մակեդոնիան, Մալթան, Նիդերլանդները, Լեհաստանը, Ռուսաստանը, Սերբիան, Ուկրաինան:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---