31 հոկտեմբերի 2016 - 14:16 AMT
Մինսկը ՀԱՊԿ-ում նախագահության շրջանում կկենտրոնանա անվտանգության հարցերի վրա

Բելառուսը ՀԱՊԿ-ում (Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն) նախագահության շրջանում կկենտրոնանա անվտանգության հարցերի և խաղաղության ամրապնդման ուղղությամբ միջազգային կազմակերպությունների համախմբման վրա: Այդ մասին հայտարարել է Բելառուսի ԱԳՆ-ն:

«Բելառուսի նախագահության շրջանում այդ կազմակերպության անդամ երկրները մտադիր են ՄԱԿ հետ համատեղ մի շարք հանդիպումներ ու միջոցառումներ նախաձեռնել առավել ակտուալ միջազգային հարցերի վերաբերյալ»,-ասվում է հաղորդագրության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«ՀԱՊԿ անդամ երկրների անունից իր ելույթում ՄԱԿ-ում Բելառուսի մշտական ներկայացուցիչը շարադրել է ՀԱՊԿ և ՄԱԿ միջև գործընկերային հարաբերությունների կառուցման վերաբերյալ հիմնական մոտեցումները: Դապկյունասը նշել է, որ ՀԱՊԿ բազմապրոֆիլությունը թույլ կտա գործակցել ՄԱԿ-ի հետ գրեթե բոլոր ուղղություններով` խաղաղապահություն, ահաբեկչության դեմ պայքար, արտակարգ իրավիճակների հետևանքների հաղթահարում, հակազդեցություն մարդկանց առևտրին ու ապօրինի միգրացիային»,-ասել են գերատեսչությունում:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՀԱՊԿ Մշտական խորհրդի նախագահ է ընտրվել ՌԴ-ում Բելառուսի դեսպան Իգոր Պետրիշենկոն:

Երևանում կայացած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում Հայաստանը պետք է ստանձներ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը ռոտացիոն կարգով, սակայն հարցի քննարկումը հետաձգվեց մինչև դեկտեմբեր: Դա պետք է տեղի ունենար դեռևս մեկ տարի առաջ, սակայն 2015-ին ՀԱՊԿ խորհրդի նիստում որոշվեց մեկ տարով երկարաձգել Նիկոլայ Բորդյուժայի պաշտոնավարման ժամկետը: