ԱԻՆ ղեկավար. Հայաստանին 5.000 հակակարկտային կայան է պետք

ԱԻՆ ղեկավար. Հայաստանին 5.000 հակակարկտային կայան է պետք

PanARMENIAN.Net - Հայաստանը 5.000 հակակարկտային կայանի կարիք ունի: Այդ մասին հոկտեմբերի 31-ին ասել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը խորհրդարանական հանձնաժողովներում 2017-ի բյուջեի քննարկման շրջանակում:

«Այժմ Հայաստանում 496 նման կայան կա, որոնք ծածկում են ՀՀ տարածքի 8,9%-ը: Անբավարար է նաև ռադիոլոկացիոն կայանների քանակը, որոնք ընդամենը երկուսն են»,-ասել է Երիցյանը:

Ըստ նրա, Ռուսաստանն առաջիկայում երկու ռադիոլոկացիոն կայան կնվիրի Հայաստանին, որոնցից յուրաքանչյուրի արժեքը $1,5 մլն է:

Մինչդեռ, որոշ փորձագետներ կարծում են, որ հակակարկտային կայաններն արդյունավետ չեն` առաջարկելով փոխարենն օգտագործել հակակարկտային ցանցեր: Ամեն տարի ՀՀ տնտեսությունը մեծ վնասներ է կրում բերքի կորուստից:

Երիցյանը նշել է նաև, որ ՀՀ ԱԻՆ-ին $36 մլն է պետք հատուկ տեխնիկա գնելու համար, հայտնում է ԱՌԿԱ գործակալությունը:

«Հայաստանում 190 բարձրադիր լեռնային համայնք կա, դեպի ուր տանող ճանապարհները վատ եղանակի դեպքում կարող են փակ մնալ 10-15 օր: Այդ պայմաններում օգնության կարիք ունեցող մարդկանց ձեռքերի վրա են տարհանում»,-ասել է Երիցյանը` նշելով, որ միջոցների մի մասը կհատկացվի համապատասխան տեխնիկա գնելու համար:

2017-ի բյուջեի նախագծով ԱԻՆ-ին 11,2 մլրդ դրամ կհատկացվի, որից 10 մլրդ կուղղվի աշխատավարձերի վճարմանը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---