Իրանի ակումբային առաջնություն. Ջուլֆալակյանն ու Մանուկյանը՝ չեմպիոն, Ամոյանն ու Բորանյանը՝ փոխչեմպիոն

Իրանի ակումբային առաջնություն. Ջուլֆալակյանն ու Մանուկյանը՝ չեմպիոն, Ամոյանն ու Բորանյանը՝ փոխչեմպիոն

PanARMENIAN.Net - Ակումբային թիմերի ըմբշամարտի Իրանի առաջնության 2-րդ՝ եզրափակիչ փուլում, բացի առաջնության մեդալներից, վիճարկվել են նաև դեկտեմբերի 8-9-ը Բուդապեշտում կայանալիք հունահռոմեական ոճի ըմբշամարտի ակումբային թիմերի աշխարհի գավաթի 3-րդ խաղարկությանը մասնակցելու 2 ուղեգիրը:

Ինչպես և սպասվում էր օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների բազմակի մրցանակակիր, 2016 թ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն, 59 կգ քաշային Ռոման Ամոյանի ու 2016-ի Եվրոպայի չեմպիոն, 71 կգ քաշային Վարշամ Բորանյանի թիմի՝ Իզեի «Սինեն Սանթի» գլխավոր մրցակիցը առաջնությունում եղել է ստուգատեսի 1-ին փուլի հաղթող «Մի Մերազինան»:

Այս երկու թիմը մարզաձևի Իրանի ուժեղագույն ակումբներն են, ուստի նրանց միջև էլ ծավալվել է հիմնական պայքարը երկրի չեմպիոնի կոչման համար: Եզրափակիչ փուլում «Մի Մերազինայի» կազմը ուժեղացվել էր ՀՀ ազգային հավաքականի առաջատար երկու ըմբիշով՝ օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների բազմակի մրցանակակիր, 75 կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանով ու 2016 թ օլիմպիական խաղերի մասնակից, 85 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանով:

Այդպիսով, ակումբային թիմերի 2016 թ Իրանի առաջնության եզրափակիչ փուլին ՀՀ ազգային հավաքականի միանգամից 4 ըմբիշ է մասնակցել:

Առաջնության 2-րդ փուլին 5 ուժեղագույն թիմ է մասնակցել: Չեմպիոնի գլխավոր հավակնորդներ՝ Իզեի Սինեն Սանթին և Մի Մերազինան 3-ական հաղթանակ են տարարել ու մտել եզրափակիչ: Չեմպիոնի կոչման հանդիպումն անցել է Մի Մերազինայի առավելությամբ, որը 7:1 հաշվով հաղթել է Իզեի Սինեն Սանթիին:

Այդ հաջողությունում իրենց մեծ ներդրումն են ունեցել «Մի Մերազինայի» կազմում հանդես եկած ՀՀ ընտրանու ներկայացուցիչներ ՝ Ջուլֆալակյանն ու Մանուկյանը, տեղեկացնում է ՀՀ ընբշամարտի ֆեդերացիան: Երկուսն էլ իրենց անցկացրած բոլոր 4 գոտերամարտը հաղթանակով են ավարտել և զգալիորեն նպաստել իրենց թիմի՝ «Մի Մերազինայի» Իրանի չեմպիոն հռչակվելու գործին:

«Սինեն Սանթին» թիմն ի վերջո զբաղեցրել է 2-րդ հորիզոնականն ու դարձել Իրանի փոխչեմպիոն՝ արժանանալով արծաթե մեդալի: 1-ին և 2-րդ տեղերը գրաված թիմերն, որոնց կազմերում ելույթ ունեցան նաև ՀՀ ազգային ընտրանու 4 ըմբիշ, իրավունք են ստացել դեկտեմբերի 8-9-ին Բուդապեշտում մասնակցելու ակումբային թիմերի աշխարհի գավաթի 3-րդ խաղարկությանը:

ՀՀ առաջատար ըմբիշները ժամանակ առ ժամանակ իրենց ուժերն են փորձում մարզաձևում հարուստ ավանդույթներ ունեցող երկրների ակումբային թիմերի առաջնություններում: Մասնավորապես, 2015-ին նրանք իրենց վարպետությունն են ցուցադրել Գերմանիայի բունդեսլիգայի և Հնդկաստանի ակումբային թիմերի առաջնություններում: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի ՀՀ ազգային ընտրանու առաջատար ըմբիշներից երկուսը՝ օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների բազմակի մրցանակակիր, 2016 թ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն, 59 կգ քաշային Ռոման Ամոյանն ու 2016-ի Եվրոպայի չեմպիոն, 71 կգ քաշային Վարշամ Բորանյանը օգոստոսի 29-ից սեպտեմբերի 2-ը Իզե քաղաքի «Սինեն Սանթ» թիմի կազմում մասնակցեցին հունահռոմեական ոճի ըմբշամարտի ակումբային թիմերի Իրանի առաջնության 1-ին փուլի հանդիպումներին:

Նրանք մեծապես օգնեցին իրենց թիմին թիմային պայքարում 8 ակումբի մրցապայքարում 3-րդ տեղը գրավելու գործում: Ռոմանին հաջողվել էր անցկացրած 4 գոտեմարտից 3-ը շահել ու միայն մեկում զիջել մրցակցին, իսկ Վարշամն իր բոլոր 4 մենամարտն էլ հաղթանակով էր ավարտել:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---