1 նոյեմբերի 2016 - 11:05 AMT
Սեփականատեր. Առաջին տպարանի շենքի մյուս մասնաշենքերը պահպանվելու են

Առաջին տպարանի շենքի ճարտարապետական արժեք ներկայացնող մասնաշենքերը պահպանվելու են: Այս մասին ասել է շենքի հիմնական սեփականատեր Գենիկ Կարապետյանը՝ վստահեցնելով, որ իրենք ի սկզբանե նպատակ ունեին քանդել երեք մասնաշենքից միայն մեկը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

«Քանդել ենք ուղղակի մեջի հատվածը, որը ուղղակի ամոթ էր պահել: Եթե մեկը կապացուցի, որ այս բետոնը պատմամշակութային և հիշողության արժանի բան ա, վերականգնեմ»,- ասել է նա:

Տպարանի շենքը «Աստորիա ինվեստ» փակ բաժնետիրական ընկերությանն է պատկանում: Մի քանի ամիս առաջ Գենիկ Կարապետյանը գնել է բաժնետոմսերի մեծ մասը, և որոշել է այստեղ հյուրանոց կառուցել:

Նախ ճշտել է Մշակույթի նախարարությունից, որ շենքը պատմամշակութային հուշարձանների ցանկում չէ, ապա դիմել է ճարտարապետներին: Ըստ սեփականատիրոջ՝ բոլորն առաջարկել են շենքը հիմնահատակ քանդել: Ինքը, սակայն, այլ որոշում է կայացրել՝ պահպանել շենքի՝ իր կարծիքով ճարտարապետական արժեք ներկայացնող երկու հատվածները, վերանորոգել դրանք, իսկ արդեն պայթեցված երրորդ մասնաշենքի փոխարեն 9-հարկանի նոր շենք կառուցել՝ դիմացը կանաչ տարածքով:

Մշակույթի նախարարի հարցազրույցում արտահայտած մտքին, թե իրենք անզոր են, քանի որ շենքը սեփականատեր ունի, Կարապետյանը հակադարձում է՝ սեփականատերը պետք է հաշվի առնի քաղաքի ճարտարապետությունը․

«Սեփականատերը իրավունք չունի իրա սեփականությունում անել իրա ցանկացածը, որովհետև դա ամբողջ քաղաքինն է, հատկապես քաղաքի կենտրոնը: Քաղաքի կենտրոնում սեփականատերը պիտի անի այն, որը համահունչ է շրջապատին և չի խանգարում քաղաքի ընդհանուր թամանյանական ոճին և դրվածքին: Հիշողության մասին․ հիշողությունը մարդու ամենամեծ հարստությունն է, և ինձ համար դա բարձրագույն կատեգորիա է: Ուղղակի ես խնդրում եմ, պարոն նախարարը իմանա, որ մենք իրա հիշողությունը բացարձակապես չեն աղավաղել»:

Գենիկ Կարապետյանը նշել է, որ պայթեցնելու որոշումը կայացրել է շինարարությունն իրականացնող ընկերությունը, երբ մեկուկես ամիս շարունակված քանղման աշխատանքներից հետո հասկացել են, որ հին շենքում մեծ է փլուզման վտանգը: Շինարարական ընկերությունը պայթեցման աշխատանքը պատվիրել է համապատասխան լիցենզիա ունեցող կազմակերպությանը:

«Աստորիա-ինվեստ» ընկերությունը հյուրանոց կառուցելու նպատակով նախագծման թույլտվություն ստացել է այս տարվա հուլիսին Երևանի քաղաքապետարանից: Ուշագրավ է, որ մինչև տարածքում որևէ բան կառուցելու թույլտվություն տալը, քաղաքապետարանը ընկերությանը տվել է մասնաշենքերից մեկը քանդելու թույլտվություն:

Կառուցապատման նախագիծը նոյեմբերի 1-ին քննարկվելու է Հայաստանի ճարտարապետների միությունում:

«Քանի որ նա ասել ա, որ էն երկու կարևոր մասնաշենքերը, որոնք պահպանվել են, պետք է ներառվեն ապագա նախագծերի մեջ, հնարավոր է, որ գանք ինչ-որ մի բանի: Ես ուզում եմ ասել, որ կառուցապատողները շատ շտապում են: Դրանից ավելի ա վատթարանում իրանց վիճակը: Էս քսան տարում բոլոր կառույցները արվել են նման վիճակում, սկզբից արվեն են, հետո նոր քննարկումներ եղել են թե չեն եղել, ընդվզումներ են եղել: Էն դեպքում, երբ որ գոնե մի տարի պետք ա քննարկվի», - ասել է Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը:

Հոկտեմբերի 31-ին վարչապետ Կարեն ԿԱրապետյանը ևս անդրադարձել է տպարանի շենքի պայթեցմանը՝ նշելով, որ տպավորություն է, թե Երևանում ով ինչ ցանկանա՝ կարող է անել