Արամ Խաչատրյանի և Աշոտ Բաբայանի ստեղծագործությունները՝ Մարինյան թատրոնում

Արամ Խաչատրյանի և Աշոտ Բաբայանի ստեղծագործությունները՝ Մարինյան թատրոնում

PanARMENIAN.Net - Մեծանուն հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի հայտնի «Դիմակահանդես»-ը կհնչի հեղինակավոր Մարինյան թատրոնում:

Նոյեմբերի 15-ին կայանալիք համերգի ընթացքում կհնչի նաև ժամանակակից հայ կոմպոզիտոր Աշոտ Բաբայանի՝ ալտի և նվագախմբի համար գրված կոնցերտը (մենակատար՝ Իրինա Իվանովա):

Բեմում կլինի Մարինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը․ դիրիժոր՝ Նիկոլայ Խոնձինսկի, Panorama.am-ին տեղեկացրել են Հայաստանի կոմպոզիտորների միությունից:

Համերգային երեկոյի ընթացքում ունկնդրին կներակայցվեն նաև Գեորգի Սվիրիդովի, Գալինա Ուստվոլսկայայի, Բորիս Չայկովսու ստեղծագործությունները։

Սանկտ Պետերբուրգում գտնվող Մարիինյան թատրոնը Ռուսաստանի և աշխարհի ամենահայտնի և խոշոր օպերայի և բալետի թատրոններից մեկն է: Այն հիմնադրվել է 1783-ին Եկատերինա Մեծ կայսրուհու հրամանով մի շենքում, որը հետագայում վերափոխվեց Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայի։ 1783-ի հուլիսի 12-ին «թատրոնների և երաժշտության կառավարման» համար թատերական կոմիտե ստեղծելու վերաբերյալ հրաման արձակվեց։ 1920-ին թատրոնը վերանվանվեց «Օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի», իսկ 1935-ին կոչվեց՝ Սերգեյ Կիրովի անունով։

1988-ին Եվգենի Մրավինսկու մահից և Յուրի Տեմիրկանովի՝ Ֆիլհարմոնիա հեռանալուց հետո, թատրոնի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր է դառնում Վալերի Գերգիևը։ 1992-ի հունվարի 16-ին թատրոնին վերադարձվեց իր պատմական անունը։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---