11  Բարերար Միքայել Արամյանցի առանձնատունը Լոռու մարզի Ախթալա քաղաքում

Արամյանցի առանձնատան հարցը կուսումնասիրվի, առաջարկություններ կարվեն

Արամյանցի առանձնատան հարցը կուսումնասիրվի, առաջարկություններ կարվեն

PanARMENIAN.Net - Վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել է ուսումնասիրել Արամյանցի առանձնատան հետ կապված խնդիրները և առաջարկություններ ներկայացնել: Կառավարության նիստում վարչապետը հիշեցրել է, որ մի խումբ մտավորականներ բաց նամակով դիմել են իրեն` նշանավոր հայ, ազգային գործիչ, բարերար Միքայել Արամյանցի Ախթալայում գտնվող առանձնատան աղետալի վիճակի կապակցությամբ, հայտնում է Panorama.am-ը:

ՀՀ մի շարք մտավորականներ, մտահոգված լինելով հայ ազգային գործիչ, բարերար Միքայել Արամյանցի՝ Լոռու մարզի Ախթալա քաղաքում 1900-ականն թթ. կառուցված դղյակի ճակատագրով՝ բաց նամակ են հղել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին եւ պատկան բոլոր կառույցներին:

Նրա խոսքերով՝ այդ առանձնատունը 2013 թվականին ընդգրկվել է ՀՀ մշակույթի նախարարության կողմից «նորահայտ պատմության և մշակույթի հուշարձանների» ցանկում, սակայն սեփականատիրոջ ստանձնած պարտավորությունները չկատարելու հետևանքով հայտնվել է անմխիթար վիճակում:

Կարեն Կարապետյանը հանձնարարել է Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին մեկօրյա ժամկետում ներկայացնել գույքի վրա գրանցված բոլոր ծանրաբեռնումները, իսկ կառավարության աշխատակազմի ղեկավարին՝ շահագրգիռ նախարարությունների մասնակցությամբ ուսումնասիրել խնդիրը և առաջարկություններ ներկայացնել:

«Դա իրականում կարող է լինել շատ գրավիչ տեղ զբոսաշրջության համար, և կարծում եմ, այստեղ մենք, անպայման, մեր վերաբերմունքը պետք է ցուցաբերենք»,- ընդգծել է Կարեն Կարապետյանը:

Միքայել Արամյանցի առանձնատունը գտնվում է Ախթալայում: Այն կառուցված է շվեյցարական ոճով: Առանձնատունը եղել է նաև հայ մտավորականության հավաքատեղի: Ցարական Ռուսաստանում Արամյանցի տունը Լոռվա ձորում էլեկտրականությամբ լուսավորվող միակ շինություն է եղելր, ունեցել է թենիսի խաղադաշտ:Արամյանցի առանձնատանը ժամանակին հանգստացել են Հովհաննես Թումանյանը, Հայրիկ Խրիմյան կաթողիկոսը, նշանավոր օպերային երգիչ Շալյապինը, թատերական ռեժիսոր Մեյերխոլդը, լիտվացի բանաստեղծ Մեժելայտիսը և այլք:

Միքայել Արամյանցը 19-րդ դարի երկրորդ կեսի և 20-րդ դարի սկզբի հայ նավթարդյունաբերող է, բարերար, Թիֆլիսի «Ազգային բարեգործական ընկերության» հիմնադիր։ Նա եղել է Ալեքսանդր Մանթաշյանի մտերիմ ընկերն ու գործընկերը։ Մանթաշյանի հետ Բաքվում զբաղվում էր նավթարդյունաբերությամբ:Աջակցել է Թիֆլիսի նշանավոր «Արամյանցի հիվանդանոցի» (ներկայումս Թբիլիսիի թիվ 1 կլինիկական հիվանդանոց) կառուցմանը՝ նվիրաբերելով հարյուր հազար ռուբլի:Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ապաստաններ է կառուցել հայ գաղթականների համար։

Խորհրդային կարգերի հաստատումից հետո, Արամյանցը կորցրել է գրեթե ողջ կարողությունը։ Զրկվելով հարստությունից ու դիրքից՝ 1924 թ. մահացել է սովի ու աղքատության մեջ։

Ըստ նամակագիրների՝ խնդրի լուծմամբ խիստ մտահոգ է նաև բարերարի լոնդոնաբնակ ծոռը` Ալեքսանդր Ջանոևը, որը պատրաստակամություն է հայտնել իր և գործընկերների ջանքերը ևս մեկտեղելու` հուշարձանի վերականգնման նպատակով:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---