Հայերը, քրդերն ու ասորիները Բրյուսելում ցույցի են դուրս եկել Էրդողանի քաղաքականության դեմ

Հայերը, քրդերն ու ասորիները Բրյուսելում ցույցի են դուրս եկել Էրդողանի քաղաքականության դեմ

PanARMENIAN.Net - Բրյուսելում մոտ 10.000 մարդ է մասնակցում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քաղաքականության դեմ կազմակերպված բողոքի ցույցին, հայտնում է տեղի պարբերականը:

Ըստ Soir թերթի, նախաձեռնությունը պատկանում է Բրյուսելի քրդական համայնքին: Ցույցին մասնակցում են քրդամետ Ժողովրդների դեմոկրատական կուսակցության անդամները, ինչպես նաև Եվրամիության երկրներում բնակվող հայեր, քրդեր ու ասորիներ, գրում է ՏԱՍՍ-ը:

Ցուցարարները գնում են դեպի այն թաղամասը, որտեղ տեղակայված են Եվրամիության հաստատությունները: Նրանք կրում են նախագահ Էրդողանի «բռնատիրոթյունն ու ֆաշիզմը» դատապարտող պաստառներ և վանկարկում են նմանատիպ կարգախոսներ: Ակցիան կավարտվի տեղի ժամանակով 16:00-ին` Երևանի ժամանակով 19:00-ին:

Ավելի վաղ Թուրքիայի իշխանությունները հայտարարեցին երկրի հարավ-արևելքում տեղական ինքնակառավարման մարմինների 28 ղեկավարների պաշտոնանկության մասին: Որոշումն ընդունվել է երկրում հեղաշրջման փորձից հետո գործող արտակարգ դրության շրջանակում:

Եվրոպայի խորհրդի ռասիզմի և անհանդուրժողականության դեմ պայքարի հանձնաժողովը (ECRI) հրապարակել է Թուրքիայի վերաբերյալ զեկույցը, որի համաձայն Թուրքիայում ատելություն պարունակող արտահայտությունների համար հիմնականում ոստիականություն կամ դատարան չեն դիմում, իսկ դիմելու դեպքում էլ օրենքը խախտողները չեն պատժվում: Հակառակը` ոլորտը կարգավորող օրենքները հիմնականում կիրառվում են խոցելի խմբերին լռեցնելու համար:2014 թվականի ընթացքում հրեաների, հայերի, քրդերի, քրիստոնյաների, հույների, ալևիների, արաբների և սիրիացի փախստականների, նկատմամբ ատելություն հռետորաբանության կիրառման մոտ 500 դեպք է արձանագրվել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---