26 նոյեմբերի 2016 - 12:29 AMT
Վիսկոնսինում ԱՄՆ նախագահի ընտրության քվեների վերահաշվարկ կանցկացվի

ԱՄՆ Վիսկոնսին նահանգի ընտրական հանձնաժողովը համաձայնվել է վերահաշվարկ կատարել՝ նորից հաշվելով ԱՄՆ նախագահի ընտրություններում արձանագրված արդյունքները: Նման խնդրանքով հանձնաժողովին էր դիմել Կանաչների կուսակցության նախագահ Ջիլ Սթայնը, հայտնում է Meduza-ն:

Ակնկալվում է, որ քվեների վերահաշվարկը տեղի կունենա նոյեմբերի վերջին կամ դեկտեմբերի սկզբին:

Ջիլ Սթայնը Վիսկոնսինում հավաքել է ձայների 1,1 տոկոսը: Նահանգի բնակիչների 46,9 տոկոսը քվեարկել է Հիլարի Քլինթոնի օգտին, իսկ հաղթել է Վիսկոնսինում Դոնալդ Թրամփը՝ հավաքելով ձայների 47,9 տոկոսը:

Սթայնը պահանջել է նաև վերահաշվարկել ձայները Միչիգանում և Փենսիլվանիայում՝ երկուսում էլ, ինչպես նաև Վիսկոնսինում, նվազագույն տարբերությամբ հաղթել է Դոնալդ Թրամփը: Վարկածներից մեկի համաձայն, վերահաշվարկը կարող է ի նպաստ Քլինթոնի լինել:

Ջիլ Սթայնի ընտրական շտաբը ստիպված կլինի վճարել ձայների վերահաշվարկի ընթացքում ընտրական հանձնաժողովի աշխատանքի համար: Նախկինում Վիսկոնսինում ձայների վերահաշվարկը 500.000 և ավելի դոլար էր պահանջում: