Հալեպահայ ռեժիսորի ֆիլմն արժանացել է Թուրինի կինոփառատոնի գլխավոր մրցանակին

Հալեպահայ ռեժիսորի ֆիլմն արժանացել է Թուրինի կինոփառատոնի գլխավոր մրցանակին

PanARMENIAN.Net - Հալեպահայ ռեժիսոր Ավո Գաբրիելյանի «Տներ առանց դռների» ֆիլմն իտալական Թուրինի միջազգային 34-րդ կինոփառատոնում արժանացել է գլխավոր մրցանակի:

«Գանձասար»-ը հաղորդում է, որ փառատոնի ժյուրիի կողմից վավերագրական ֆիլմը ճանաչվել է լավագույնը՝ հատկապես նկատի ունենալով այն հանգամանքը, որ ռեժիսորը պատերազմական պայմաններում կարողացել է իր տան պատշգամբից նկարել և աշխարհին ներկայացնել պատերազմի ողբերգությունն ու շեշտել, որ Սիրիայի հայ և արաբ բնակչությունը հավասարապես զոհվում են բարբարոսների գործողություններից:

Ավո Գաբրիելյանի «Տներ առանց դռների» ֆիլմը ցուցադրվել է Բեռլինի միջազգային, Պրահայի «Մեկ աշխարհ» կինոփառատոներում: Ֆիլմը ներկայացնում է Հալեպի Նոր գյուղ շրջանում տեղի ունեցած բախումների ընթացքում այնտեղ բնակվող հայ ընտանիքի կյանքը, որը 2015-ից ապաստանել է Բեյրութում: Հեղինակն իր փոքրիկ տեսախցիկով նկարահանել է շրջանի ավերածությունները, բնակչությանը, որը դիմագրավում էր դժվարություններին և յուրահատուկ ոճով զուգահեռներ անցկացրել Հայոց ցեղասպանության և Սիրիայի ժողովրդի կրած տառապանքների միջև:

Ավո Գաբրիելյանը ֆիմը նվիրել է Հալեպին՝ նշելով. «Հալեպին իր մոր՝ Սիրիայի գրկում ավիրում են»: Նա նաև ասել է, որ այս մրցանակը մեկ քայլ է պարզապես հասնելու այն արդարության, որին ձգտում է հայ ժողովուրդն արդեն 100 տարի:

«Հայերը հաճախ շեշտում են, որ երկրորդ Ցեղասպանություն չպետք է ապրեն, սակայն, ցավոք, այսօր Ցեղասպանության է ենթարկվում ոչ միայն Սիրիայի, նաև Իրաքի և Պաղեստինի ժողովուրդը»,- ասել է նա:

Ավո Գաբրիելյանը ծնվել է 1985 թվականին, Հալեպում, սովորել է Հայկազյան հայկական դպրոցում և հայկական սեմինարիայում: Նա ավարտել է Դամասկոսի համալսարանի թատրոնի և կինոյի բաժինը, որից հետո աշխատել է մի քանի ֆիլմերի վրա: Հալեպ վերադառնալուց հետո նա սկսել է դասավանդել Թատրոնի և արվեստների Աքքադի ինստիտուտում:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---