Ֆրանսիա-ԼՂ բարեկամության շրջանակի անդամները քննարկել են օրենսդրական դաշտում փորձի փոխանակումը

Ֆրանսիա-ԼՂ բարեկամության շրջանակի անդամները քննարկել են  օրենսդրական դաշտում փորձի փոխանակումը

PanARMENIAN.Net - Աժ նախագահ Աշոտ Ղուլյանը նոյեմբերի 28-ին ընդունել է Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության շրջանակի անդամներ Էրվան Բինեին և Ժակ Ռեմիլյեին:

Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձ են կատարել Արցախում ֆրանկոֆոնիայի զարգացման թեմային և խոսել են հետագա գործակցության հեռանկարների մասին՝ ինչպես խորհրդարանական դիվանագիտության շրջանակում, այնպես էլ՝ օրենսդրական դաշտում փորձի փոխանակման հնարավորությունների համատեքստում:

Խորհրդարանի ղեկավարը նշել է, որ շրջանակի ստեղծումից ի վեր նոր հնարավորություններ են ի հայտ եկել երկու երկրի խորհրդարանների պատգամավորների միջև՝ հարաբերությունները բարեկամական մակարդակի բարձրացնելու համար և այդ հանգամանքը թույլ կտա ավելի շատ սպասումներ ունենալ Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության շրջանակի ծրագրերից:

«Ապրիլյան ռազմական գործողությունների առաջին ժամերից մենք զգացինք ֆրանսիացի բարեկամների անկեղծ մտահոգությունն ու աջակցելու պատրաստակամությունը: Այն արտահայտվեց նրանց ընդունած հայտարարություններում, տարբեր հարթակներում ունեցած ելույթներում, ինչպես նաև մեր ֆրանսիացի բարեկամների մի մասի՝ Արցախ այցելությամբ: Այդպիսի հարաբերությունները հատուկ են միայն շատ վստահելի բարեկամների միջև և դրանք շատ թանկ են մեզ համար»,- նշել է Ղուլյանը:

Էրվան Բինեն, ով ֆրանսիայի Ազգային ժողովում մարդու իրավունքների հանձնաժողովի անդամ է, ընդգծել է, որ իրենք պատրաստակամ են աջակցել ֆրանսիայի հետ ժողովրդավարության նույն արժեքներին ձգտող և դրանք իրագործող երկրին:

«Շատ ուրախ եմ այստեղ գտնվելու համար և անչափ հետաքրքրված եմ խորհրդարանական դիվանագիտության շարունակականությունն ու զարգացումն ապահովելու և այն զարգացնելու գաղափարով»,- նկատել է Բինեն:

2014թ.-ին Վիեն-Հադրութ բարեկամության հռչակագիրը ստորագրած Ժակ Ռեմիլյեն նշել է, որ ամեն անգամ Ղարաբաղ այցելելով նկատում է տարբեր բնագավառներում կատարվող բարեփոխումները:

Հանդիպմանը մասնակցում էր նաև ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանը և Ֆրանսիա–Ղարաբաղ բարեկամության շրջանակին անդամներին ուղեկցող Ժոզեֆ Փափազյանը:

Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ստեղծվել է 2013-ին: 2016-ի հունվարին Ֆրանսիա-Արցախ բարեկամության խումբը համալրվել է 8 անդամով, այդպիսով խմբի անդամների ընդհանուր թիվը հասել է 48-ի:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---