Սիրիայի խորհրդարանի հանձնաժողովներում քննարկվում է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը

Սիրիայի խորհրդարանի հանձնաժողովներում քննարկվում է  Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը

PanARMENIAN.Net - Սիրիայի խորհրդարանի համապատասխան հանձնաժողովներում քննարկվում է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: Այդ մասին հայտարարել են Երևանում գտնվող սիրիացի պատգամավորներ Օմար ալ Արաբին և Ալան Բաքերիին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ հանդիպմանը:

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նոյեմբերի 29-ին ընդունել է Սիրիայի Արաբական Հանրապետության Ժողովրդական ժողովի պատգամավորներ Օմար ալ Արաբին և Ալան Բաքերիին: Հանդիպմանը ներկա էր Հայաստանում Սիրիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Իսսամ Նայալը:

ԱԺ փոխնախագահը ողջունել է սիրիացի պատգամավորների այցը Հայաստան և նշել, որ հայ-սիրիական բարեկամությունը դարերի պատմություն ունի, որն առավել ամրապնդվել է՝ Սիրիայի կողմից Ցեղասպանությունից մազապուրծ եղած հայ գաղթականներին ապաստանելու և երկրորդ հայրենիք պարգևելու շնորհիվ:

Էդուարդ Շարմազանովը կարևորել է երկու երկրների միջև փոխգործակցությունն ու այդ հարցում առանձնակի տեղ հատկացրել միջխորհրդարանական կապերի ամրապնդմանը: Նա երախտագիտություն է հայտնել Սիրիայի խորհրդարանին՝ նախորդ տարի Հայոց ցեղասպանության հարցի քննարկմանն ուղղված քայլերի համար:

«Ցեղասպանությունների ժխտումը լի է ոճրագործության կրկնության վտանգով. թուրքական ժխտողականությունն ու անպատժելիությունը ծնեցին նոր, Իսլամական Պետության նման ահաբեկիչների», - նշել է Էդուարդ Շարմազանովը:

Հանդիպմանն անդրադարձ է եղել Սիրիայում առկա ճգնաժամին. ԱԺ փոխնախագահը սիրիացի ժողովրդին մաղթել է տոկունություն և հույս հայտնել, որ շուտով երկրում կտիրի խաղաղություն և օրինականություն: Էդուարդ Շարմազանովն ընդգծել է Հայաստանի դիրքորոշումը ահաբեկչության դեմ պայքարում և վստահեցրել, որ հայ խորհրդարանականները պատրաստ են միջազգային տարբեր հարթակներում իրենց ձայնը բարձրացնել սիրիական խնդրի խաղաղ կարգավորման համար:

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատգամավորներ Օմար ալ Արաբին և Ալան Բաքերին շնորհակալություն են հայտնել ԱԺ փոխնախագահին ջերմ ընդունելության համար և փոխանցել սիրիական իշխանությունների և ժողովրդի երախտագիտությունը հայ ժողովրդին՝ դժվարին պահերին իրենց սատարելու և աջակցության համար: Սիրիացի խորհրդարանականները նույնպես կարևորել են միջխորհրդարանական կապերի սերտացումը և հավելել, որ Սիրիայի խորհրդարանի համապատասխան հանձնաժողովներում ընթանում են Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ հարցի քննարկումները: Նրանք ՀՀ ԱԺ փոխնախագահին հրավիրել են պաշտոնական այցով մեկնել Սիրիա, հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---