Իսրայելի պաշտպանության նախարարի կոչը ԵՄ-ին՝ ավելի կոշտ վարվեք Թուրքիայի հետ

Իսրայելի պաշտպանության նախարարի կոչը ԵՄ-ին՝  ավելի կոշտ վարվեք Թուրքիայի հետ

PanARMENIAN.Net - Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը եվրոպական երկրների ռազմական գերատեսչությունների ղեկավարների և արտգործնախարարների հետ հանդիպման ժամանակ Եվրամիությանը կոչ է արել ավելի կոշտացնել Թուրքիայի նկատմամբ տարվող քաղաքականությունը:

Այդ մասին հայտնել են եվրոպացի դիվանագետները` իսրայելական Haaretz-ի հետ զրույցում: Նրանք չեն ցանկացել, որպեսզի իրենց անունները հրապարակվեն, թուրքական Sabah պարբերականին հղումով գրում է Ermenihaber.am-ը:

Ըստ վերջիններիս` Լիբերմանը, խոսելով Թուրքիայում հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձից հետո տեղի ունեցած զանգվածային ձերբակալությունների մասին, ասել է. «Ինչո՞ւ եք լռում: Էրդողանի վրա ճնշում գործադրելու համար մի շարք տարբերակներ ունեք»:

Նա նաև շեշտել է, որ Գերմանիան, ինչպես նաև ԵՄ-ի երկրները Թուրքիայի նախագահի և կառավարության դեմ պետք է վարվեն այնպես, ինչպես Թուրքիայի նկատմամբ վարվեց Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ռուսական ինքնաթիռի խոցումից հետո:

Նոյեմբերի 24-ին Եվրախորհրդարանն ընդունել է Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցության շուրջ բանակցությունների սառեցման մասին որոշումը։ Այն ընդունվել է 479 կողմ, 37 դեմ և 107 ձեռնպահ ձայնով:

Անկարայի հետ բանակցությունների կասեցման օգտին էին հանդես եկել Եվրախորհրդարանի բոլոր խոշոր խմբակցությունների ներկայացուցիչները: Քվեարկությունը նախաձեռնել են ԵԺԿ և սոցիալ-դեմոկրատների խմբակցությունները: Որոշ խորհրդարանականներ կողմ են, որ բանակցություններն ընդհանրապես դադարեցվեն: Սակայն ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին իր ելույթում զգուշացրել է, որ բանակցությունների դադարեցումը կամ սառեցումը երկու կողմի համար էլ իր բացասական հետևանքները կունենա:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---