ՍԱՊԾ-ն հանդիպում-քննարկումներ է անցկացնում մսի վաճառքի շղթայի օպերատորների հետ

ՍԱՊԾ-ն հանդիպում-քննարկումներ է անցկացնում մսի վաճառքի շղթայի օպերատորների հետ

PanARMENIAN.Net - ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը նոյեմբերի 30-ին հանդիպել է Խորենացի փողոցի հարակից տարածքում, Մալաթիայի, Կոմիտասի և Նոր Նորքի շուկաներում մսի վաճառքով զբաղվող տնտեսավարողների հետ:

Ծառայության ղեկավարը տեղեկացրել է, որ ՍԱՊԾ-ն նախաձեռնել է հանդիպում-քննարկումներ մսի վաճառքի շղթայի բոլոր օպերատորների հետ՝ մորթից մինչև իրացում բոլոր օղակներում խնդիրները քննարկելու և հնարավոր լուծումներ տալու նպատակով: Հաշվի առնելով ոլորտում մի շարք խնդիրներ՝ ծառայության պետը խոսել է դաշտը կանոնակարգելու և բոլորի գործառույթները հստակեցնելու անհրաժեշտության մասին՝ կարևորելով տնտեսավարողների մասնակցությունն այս գործընթացում:

Զգուշացվել է, որ տնտեսավարողները ձեռնպահ մնան առանց ուղեկցող փաստաթղթերի, ակնհայտ կասկածելի կամ հիգիենիկ պայմանների խախտումով տեղափոխված միսն ընդունելուց և իրացնելուց, այլապես պետական վերահսկողության շրջանակներում կկիրառվեն պատասխանատվության խիստ միջոցներ:

ՍԱՊԾ-ում արդեն իսկ տեղի է ունեցել հանդիպում անասնաբուժասանիտարական փորձաքննություն իրականացնող ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ. նրանց նույնպես խստորեն զգուշացվել է՝ առանց պատշաճ փորձաքննության չտրամադրել անասնաբուժասանիտարական փորձաքննության եզրակացություն և ապահովել, որ մսեղիքի վրա լինի անասնաբուժական դրոշմակնիքը՝ սահմանված կարգի համապատասխան:

Հանդիպման ընթացքում ՍԱՊԾ անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը տնտեսավարողներին ևս մեկ անգամ ներկայացրել է մսի շուկայահանմանը ներկայացվող՝ գործող անասնաբուժասանիտարական անվտանգության և հիգիենիկ պահանջները՝ նշելով, որ պետք է համապատասխան աշխատանքներ տանել անհրաժեշտ պայմաններն ապահովելու ուղղությամբ:

Ծառայության պետը տնտեսավարողներին նաև տեղեկացրել է, որ կառավարության ծրագրով նախատեսված է որոշ ժամանակ հետո կենդանիների մորթ կատարել բացառապես սպանդանոցային պայմաններում, ինչն էականորեն կկարգավորի դաշտը և զգալիորեն կնվազեցնի առկա ռիսկերը:

Տնտեսավարողներին ՍԱՊԾ-ում հորդորել են կասկածելի բոլոր դեպքերում անմիջապես տեղեկացնել Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը:

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կենդանիների մորթից ստացված թարմ և սառեցված միս վաճառող տնտեսավարողներին հորդորում է խիստ ուշադրություն դարձնել շուկայահանմանը ներկայացվող անասնաբուժասանիտարական անվտանգության և հիգիենիկ պահանջներին:

Եվս մեկ անգամ հիշեցվում է, որ անհրաժեշտ է միսն ու ենթամթերքը ստանալ և դրանց իրացումն իրականացնել միայն անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի առկայության դեպքում՝ հիգիենիկ պայմաններում: Վաճառակետերը պետք է ապահովված լինեն բնական և արհեստական օդափոխանակությամբ, աշխատանքային պարագաների և սարքավորումների մաքրման ու ախտահանման անհրաժեշտ պայմաններով, համապատասխան չափիչ և ստուգիչ սարքերով, սառնարաններով: Կենդանական ծագման մթերքի, առավել ևս՝ մսի հետ շփվող յուրաքանչյուր անձ պարտավոր է պահպանել անձնական հիգիենայի կանոնները և կրել համապատասխան մաքուր հագուստ: Վաճառքի կետերում յուրաքանչյուր աշխատակցի սանիտարական գրքույկի առկայությունը պարտադիր է:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---