Գյուղնախարար. Թուրքական լոլիկի ներկրման հարցը լուծելու համար պետության ջանքերը բավարար չեն

Գյուղնախարար. Թուրքական լոլիկի ներկրման հարցը լուծելու համար պետության ջանքերը բավարար չեն

PanARMENIAN.Net - ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը հրավիրել էր խորհրդակցություն` լոլիկի իրացմանն առնչվող հարցերը քննարկելու:

Հանդիպմանը մասնակցում էին Հայաստանի ջերմատնային ասոցիացիայի նախագահ Պողոս Գևորգյանը, ՀՀ ագրոարդյունաբերողների համակարգի աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ Հասմիկ Ջհանգիրյանը, ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը և ՍԱՊԾ պետի տեղակալ Հովհաննես Հայրապետյանը:

Հայաստանի ջերմատնային ասոցիացիայի նախագահ Պողոս Գևորգյանի խոսքով՝ այսօր հանրապետությունում իրացվում է նաև Թուրքիայից ներկրված լոլիկ և վարունգ, որի մասին իրենք ահազանգել են ՀՀ գյուղատնտեսության նախարարին: Ըստ Գևորգյանի՝ նախարարություն դիմելուց հետո ներկրումները դադարել են, մայրաքաղաքի Մալաթիայի գյուղմթերքների շուկայում ներկրված լոլիկ այլևս չկա, առկա է պահեստավորված լոլիկ և վարունգ, որը պարբերաբար որոշակի քանակներով շուկայահանվում է:

Նախարար Առաքելյանը նշել է, որ ահազանգը ստանալուց հետո խնդիրը մշտապես գտնվել է պատկան մարմիների ուշադրության կենտրոնում, սակայն հարցին արմատական լուծումներ տալու համար միայն պետական մարմինների աշխատանքը բավարար չէ, և շատ կարևոր է հասարակական կազմակերպությունների ակտիվ մասնակցությունը:

ՍԱՊԾ պետ Իշխան Կարապետյանն առաջարկել է ստեղծել քաղաքացիական նախաձեռնության խումբ ասոցիացիայի անդամներից և գրավոր դիմում ներկայացնել, ինչն էլ հիմք կհանդիսանա ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտե դիմելու և տվյալ տնտեսավարող սուբյեկտի մոտ ստուգումներ իրականացնելու համար:

Նախարարը հավելել է, որ ՀՀ ագրոարդյունաբերողների համակարգի աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միությունն աջակցություն կցուցաբերի ջերմոցատերերին այդ հարցում:

«Եթե ցանկանում եք, որ խնդիրը հիմնովին լուծվի, պետք է ներդրում ունենաք այդ գործընթացի մեջ: Անհրաժեշտ է դիտարկել նաև հարցի տնտեսական կողմը և լուրջ ուշադրություն դարձնել տեղական արտադրանքի մրցունակության բարձրացման հարցին, որպեսզի ներկրվող գյուղմթերքի նկատմամբ տեղականը չհայտնվի ոչ շահեկան վիճակում: Միգուցե նախընտրելի է դիվերսիֆիկացնել արտադրանքի տեսականին: Ներկայացրեք առաջարկներ, մենք մշտապես պատրաստ ենք և բաց ցանկացած ձևաչափով քննարկումների համար»,-նշել է նախարար Առաքելյանը:

Հանդիպման ավարտին ՍԱՊԾ պետ Իշխան Կարապետյանը նաև դիմել է Հայաստանի ջերմատնային ասոցիացիայի նախագահին՝ կոչով հանդես գալ ջերմոցատերերին հորդորելու Ամանորի նախաշեմին գյուղմթերքի նկատմամբ պահանջարկի աճին զուգահեռ խստիվ ուշադրություն դարձնել արտադրվող ջերմոցային արտադրանքի որակին և չչարաշահել թունաքիմիկատները:

2016 թվականի առաջին կիսամյակում Հայաստանից արտահանվել է մոտ 30 հազար տոննա լոլիկ՝ $19.7 մլն ընդհանուր արժեքով: Պետեկամուտների կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, լոլիկը գրեթե ամբողջությամբ արտահանվել է Ռուսաստան: 2015-ի նույն ժամանակահատվածում ՀՀ-ից արտահանվել էր ընդամենը 725 տոննա լոլիկ՝ մոտ $1 մլն արժեքով:

2016-ի մայիսին «Ռոսսելխոզնադզորը» կասկածում էր, որ Հայաստանը թուրքական լոլիկ է վերաարտահանում: Ինչպես ասվում էր ռուսական գերատեսչության հաղորդագրության մեջ, հունվար-փետրվարին Հայաստանից ներմուծվել է ՌԴ մոտ հազար տոննա լոլիկ, Եգիպտոսից` 2 հազար տոննա, Ադրբեջանից` 3,5 հազար տոննա: Ընդ որում 2015-ի նույն ժամանակահատվածում նշված ապրանքատեսակը Եգիպտոսից ու Ադրբեջանից ներմուծվել է աննշան քանակությամբ: Իսկ ավելի ուշ հայտնել էին, որ ՀՀ-ից և Եգիպտոսից դեպի ՌԴ բանջարեղենի առաքումների աճը կապված է այդ երկրներում լավ բերքի և ռուսական շուկայում իր տեղը գտնելու ցանկության, ոչ թե Թուրքիայից լոլիկ վերաարտահանելու հետ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---