Ամերիկյան ընկերությունը պատրաստ է ներդրում անել «Աշտարակ կաթում»

Ամերիկյան ընկերությունը պատրաստ է ներդրում անել «Աշտարակ կաթում»

PanARMENIAN.Net - Ամերիկյան «Ադռա ռեմար» կազմակերպությունը պատրաստ է ներդրումներ իրականացնել «Աշտարակ կաթ» ընկերությունում։ Այս մասին Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում ներդրող կազմակերպության ներկայացուցչի հետ հանդիպումից հետո լրագրողներին ասել է փոխնախարար Տիգրան Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ փորձում են այնպես անել, որ ընկերությունը շարունակի իր արտադրությունը, աշխատատեղեր չկրճատվեն և գյուղացիները կարողանան իրացնել կաթը։

«Այն, որ ընկերությունն արդեն երեք օր է՝ արտադրանք է թողարկում, արդեն շատ բան է նշանակում։ Նախկինում շուկայի 40 տոկոսը պատկանում էր «Աշտարակ կաթին», սակայն հիմա այդ թիվը հասել է 10 տոկոսի, և ներդնող կազմակերպությունն առաջիկայում կփորձի վերլուծել իրավիճակը», - ասել է Խաչատրյանը, գրում է Ա1+-ը։

Ներդրող ընկերությունից հանդիպմանը ներկա էր առողջացման ծրագրերի ղեկավար Արտակ Ավագյանը: Նրա խոսքով, իրենք դեռ չեն կարող ասել, թե ինչ ներդրումներ են անելու «Աշտարակ կաթում», ծրագիր չունեն:

Ինչ վերաբերում է «Աշտարակ կաթի» պարտքերին, ապա, Ավագյանի խոսքով, դրանք կազմում են մոտ 180 միլիոն դրամ։

Հարցին, թե երբ են պատրաստվում վճարել կուտակված պարտքերը, նա պատասխանել է, որ նախնական պայմանավորվածություններ ունեն գյուղացիների հետ:

Հոկտեմբերի 15-ից «Աշտարակ կաթ» ընկերությունը դադարեցրել էր իր արտադրանքի մատակարարումը: Երևանյան խանութներում և սուպերմարկետներում ընկերության արտադրած որևէ ապրանքատեսակ չկար:

ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը նոյեմբերի 18-ին ընդունել է կաթնամթերք արտադրող ընկերությունների ներկայացուցիչներին` «Աշտարակ կաթ» ընկերության գործունեության դադարեցման պատճառով առաջացած խնդիրները քննարկելու նպատակով:

«Ինչպես տեղյակ եք, «Աշտարակ կաթ» ընկերությունը, որը կաթնամթերքի շուկայում ունի մեծ մասնաբաժին, այսօր հայտնվել է ծանր ֆինանսական վիճակում, ունի գյուղացիական տնտեսություններին կուտակած պարտքեր: Այսօր հարկավոր է քայլեր ձեռնարկել, որպեսզի մթերումների գործընթացը չընդհատվի, և ստեղծված իրավիճակի արդյունքում գյուղացիները չտուժեն», - նշել է փոխնախարարը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---