Արարատյան բակալավրիատը կներդրվի ՀՀ մարզային դպրոցներում

Արարատյան բակալավրիատը կներդրվի ՀՀ մարզային դպրոցներում

PanARMENIAN.Net - Միջազգային չափանիշներին համապատասխան նոր կրթական ծրագիրը՝ Արարատյան բակալավրիատը, ներդրվում է ՀՀ մարզային՝ ավագ բաղադրիչ ունեցող դպրոցներում։ Այս նպատակով դեկտեմբերի 5-ից 15-ը «Այբ» կրթական հիմնադրամը Հայաստանի բոլոր մարզերում կանցկացնի հանրային լսումներ։

«Այբ» կրթական հիմնադրամի պատվիրակությունը կայցելի ՀՀ բոլոր մարզեր՝ հանդիպելու 800-ից ավելի դպրոցների ներկայացուցիչների հետ, ծանոթացնելու ծրագրի նպատակներին, տեսլականին, ծրագրին անդամակցելու քայլերին ու պահանջներին։

Ծրագրին միանալու մրցույթը կհայտարարվի դեկտեմբերի 20-ին։

Արարատյան բակալավրիատը միջազգային չափանիշներին համապատասխան հայալեզու կրթական ծրագիր է, որ կոչված է մրցունակ դպրոցական կրթության հնարավորություն ընձեռելու ՀՀ բոլոր աշակերտներին։ Ծրագիրը ստեղծվել է «Այբ» կրթական հիմնադրամի կողմից և լրամշակվել Կրթության գերազանցության ազգային ծրագրի (ԿԳԱԾ) շրջանակում։

Առաջին փուլում նախատեսվում է ծրագիրը ներդնել ՀՀ մարզերի ընտրված դպրոցներում առնվազն մեկական հոսքային դասարանով՝ հետագայում ընդլայնման ակնկալիքով։

Ծրագիրն իրականացվում է ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ համատեղ՝ Քեմբրիջի համալսարանի «Քեմբրիջի միջազգային քննություններ» կենտրոնի և Լոնդոնի համալսարանական քոլեջի (UCL) Կրթության ինստիտուտի (IOE) հետ համագործակցությամբ։ Այս գերազանցության ծրագիրը կգործի պետական կրթական ծրագրին զուգահեռ՝ տալով աշակերտներին ավագ դպրոցի կրթական ծրագրի ընտրության ավելի լայն հնարավորություն և ապահովելով կրթության որակի և ավարտական գնահատականների ու դիպլոմի և՛ տեղական, և՛ միջազգային ճանաչում:

2015 թ․ ընթացքում ԱԲ-ը համաքննվել է Քեմբրիջի համալսարանի «Քեմբրիջի ﬕջազգային քննություններ» կենտրոնի կողմից և արդյունքում գնահատվեց որպես անգլիական խորացված մակարդակներին (GCE A Levels) համազոր։ 2016 թ․ օգոստոսին Մեծ Բրիտանիայի ճանաչման և համեմատության ազգային գործակալությունը (UK NARIC)` միջազգային հավաստագրման ամենահեղինակավոր կառույցը, նույնպես ԱԲ-ը համազոր ճանաչեց այնպիսի միջազգային առաջատար կրթական ծրագրերին, ինչպիսին են անգլիական խորացված մակարդակները (GCE A Levels) և ամերիկյան Advanced Placement-ը (AP)։ ԱԲ-ի համազորությունը վերոնշյալ կրթական ծրագրերին հնարավորություն է տալիս հայ աշակերտներին հայերենով հանձնելու միջազգային քննություններ և այդ քննությունների արդյունքների հիման վրա ընդունվելու աշխարհի լավագույն համալսարաններ կամ այդ քննությունների արդյունքները կրեդիտավորելու այդ համալսարաններում։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---