Հայտարարություն. ԼՂՀ-ն չունի, այսպես կոչված, «անվտանգության գոտի հանդիսացող տարածքներ»

Հայտարարություն. ԼՂՀ-ն չունի, այսպես կոչված, «անվտանգության գոտի հանդիսացող տարածքներ»

PanARMENIAN.Net - Արցախի երիտասարդական հասարակական կազմակերպությունները հայտարարություն են տարածել` նշելով, որ խորապես անհանգստացած են վերջերս ՀՀ նախագահի մամլո քարտուղար Վլադիմիր Հակոբյանի՝ «Ազատություն» ռադիոկայանին ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման մասին տված հարցազրույցում արտահայտած այն մտքի առնչությամբ, որ «որևէ տարածքի վերադարձի մասին հարցը կարող է առարկայական լինել միայն Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման պարագայում»:

«Մենք՝ անկախության սերնդի ներկայացուցիչներս, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման այսպես կոչված «Մադրիդյան սկզբունքներ»-ի առնչությամբ բազմիցս նշել ենք մեր դիրքորոշումը, շեշտելով, որ մեզ առաջարկվող տարբերակը որակում ենք անարդար և մեր ժողովրդի ազգային-պետական շահերին հակասող։ Համոզված ենք, որ հակամարտության կարգավորման շուրջ ԵԱՀԿ ՄԽ կողմից ներկայացված ցանկացած փաստաթուղթ առանց ԼՂՀ ժողովրդի համաձայնության չի կարող կենսագործվել, ինչպես դա բխում է ժողովուրդների ազատ ինքնորոշման միջազգային իրավական նորմից, որը դրված է նաև հիմնախնդրի կարգավորման հիմքում»,-ասվում է հայտարարության մեջ:

Նշվում է, որ 1991թ. դեկտեմբերի 10-ին ԼՂՀ ժողովուրդը, իր կամքն արտահայտելով անկախության մասին հանրաքվեում, հաստատել է անկախ ապրելու իր վճռականությունը և միջազգային իրավունքի բոլոր նորմերի և լուծարվող ԽՍՀՄ-ի օրենքների հիմքի վրա հռչակել է պետություն՝ Ադրբեջանական Հանրապետությանը իրավաբանորեն չպատկանող տարածքներում:

«Իրեն պարտադրած պատերազմի ընթացքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը դուրս չի եկել Լեռնային Ղարաբաղի սահմաններից՝ այն երկրամասից, որը իրեն է պատկանում թե փաստորեն, թե իրավաբանորեն, թե պատմականորեն: Այդ տարածքների կարգավիճակը ամրագրված է 2006 թվականին ընդունված ԼՂՀ Սահմանադրությամբ: Հետևապես՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը չունի, այսպես կոչված, «անվտանգության գոտի հանդիսացող տարածքներ»: ԼՂՀ անքակտելի մաս կազմող բոլոր տարածքներն ըստ վարչական ենթակայության բաշխված են «ԼՂՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքի համաձայն:

Մենք ողջունում ենք ԼՂՀ-ում խաղաղության ապահովմանն ուղղված միջնորդական ջանքերը, սակայն մեկ անգամ ևս հիշեցնում ենք, որ Արցախի ճակատագրին և շահերին առնչվող ցանկացած համաձայնություն, որ ձեռք կբերվի առանց ԼՂՀ լիարժեք եւ իրավահավասար մասնակցության, չի կարող ընդունվել մեր կողմից»,-ասվում է հայտարարության մեջ: Հայտարարությունը ստորագրել են. «Հայկի սերունդ» ՀԿ, ԱԱՄ «Հայրենյաց Պաշտպան» ՀԿ, «Առաջ Արցախ» ՀԿ, «Արցախակերտում» ՀԿ, «Միացյալ Հայաստան» ՀԿ, «Հանուն Արցախի» ՀԿ, «Մտքի ուժը» ՀԿ, «Հանուն հայրենիքի» ՀԿ, «Իրազեկ սերունդ» ՀԿ, «Արա Գեղեցիկ» ՀԿ, «Ազգային Արցախ» ՀԿ:

Ավելի վաղ Հայաստանի նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը հայտարարել էր, որ Ադրբեջանին որևէ տարածքի վերադարձի մասին հարցը կարող է առարկայական լինել միայն Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման պարագայում: «Նախագահն ընդգծել է, որ այդ առաջարկի առաջին կետով ամրագրված է Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը: Մյուս բոլոր տարրերը, ինչպես հայտարարել է նախագահը ՀՀԿ 16-րդ համագումարի իր ելույթում` «ածանցյալ են»: «Մնացած բոլոր հարցերը կգտնեն իրենց տրամաբանական ու արդար լուծումը՝ խնդրի կարգավորմանը զուգահեռ: Քանի դեռ այս հիմնական խնդիրը կա, քանի դեռ անորոշության է մատնված Արցախի կարգավիճակը, որևէ այլ հարց լուծում չի կարող գտնել», - շեշտել է նախագահը»,- ասված է Հայաստանի նախագահի մամուլի քարտուղարի խոսքում:

Ընթերցեք նաև. ՀՀ նախագահի խոսնակ. Տարածքների վերադարձի հարցը կարող է առարկայական լինել միայն ԼՂ կարգավիճակի որոշման դեպքում

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---