Հակոբ Հակոբյանի «Սարերում» որմնանկարը վերականգնվել է

Հակոբ Հակոբյանի «Սարերում» որմնանկարը վերականգնվել է

PanARMENIAN.Net - ԱՄՆ դեսպանի մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի ֆինանսավորմամբ վերականգնվել է Հակոբ Հակոբյանի «Սարերում» որմնանկարը: Այն այժմ գտնվում է Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի 2-րդ հարկում և բաց է հանրության համար: Դեկտեմբերի 2-ին, երբ որմնանկարի վերականգնմանն ու պահպանությանն ուղղված աշխատանքներն ավարտվել են, թատրոնի շենքում կատարված աշխատանքների մասին խոսել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը և ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:

Որմնանկարի հեղինակը հայտնի հայ գեղանկարիչ Հակոբ Հակոբյանն է: Նրա որմնանկարները ներառված են Շիրակի մարզի պահպանվող պատմամշակութային արժեքների ցանկում:

ԱՄՆ դեպանատնից հայտնում են, որ երկար տարիներ որմնանկարը գտնվում էր Գյումրու «Քարհատմեքենա» գործարանի տարածքում: 1988 թ. Սպիտակի երկրաշարժից հետո «Սարերում» որմնանկարը հայտնվել էր խիստ վթարային, չօգտագործվող տարածքներում: Վերականգնման աշխատանքները կատարվել են Մինաս Ավետիսյան մշակութային հիմնադրամի կողմից, Իտալիայի Ֆլորենցիա քաղաքի Ռեստավրացիայի ինստիտուտի ճանաչված վերականգնող մասնագետ Ֆաբրիցիո Յակոպինիի մասնակցությամբ:

«Վերականգնողի աշխատանքը սիրո ու հարգանքի դրսևորում է նկարիչների ու նրանց ստեղծագործությունների հանդեպ: Իսկ այդ նվիրված ու ջերմեռանդ աշխատանքի արգասիքն այսօր բոլորս ենք տեսնում» - ասել է դեսպան Ռիչարդ Միլսը:

Սա առաջին դեպքը չէ, երբ ԱՄՆ դեսպանի մշակութային արժեքների պահպանության հիմնադրամն աշխատանքներ է իրականացնում Գյումրու որմնանկարները փրկելու ուղղությամբ: Անցած տարի, մեկ այլ ծրագրով իրականացվել են Ռաֆայել Աթոյանի «Ջաղացի ճանապարհին» որմնանկարի վերականգնման աշխատանքները, որն այժմ տեղակայված է Գյումրու նոր վերանորոգված երիտասարդական պալատում:

«Այս որմնանկարը, որի վերականգնման աշխատանքների ավարտը մենք նշանավորում ենք այստեղ, մի քանի տարի լքված գործարանի շենքում էր՝ աչքից հեռու ու փոշու մեջ պարփակված: ԱՄՆ դեսպանի մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի շնորհիվ այն այժմ նոր շունչ է ստացել: Այն գտնվում է արվեստագետների, համայնքային առաջնորդների ու նորարարների հաջորդ սերնդի աչքի առաջ, և այժմ նրանք կտեսնեն Հակոբ Հակոբյանի այս ստեղծագործությունը, կծանոթանան դրա պատմությունը և դա կոգեշնչի նրանց Հայաստանի ոգին արտացոլող արվեստի նոր գործեր ստեղծել»,- նշել է դեսպան Միլսը:

ԱՄՆ դեսպանի մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի ֆինանսավորմամբ Հայաստանում ծրագրեր իրականացվել են 2005թ.-ից, մասնավորապես՝ հնագիտական գտածոների պահպանություն Արենու քարանձավում, աշխատանքներ Դաշտադեմի ամրոցում, Նորատուսի միջնադարյան գերեզմանոցի և այնտեղ առկա խաչքարերի քարտեզագրում ու ցուցակագրում, Գառնու միջնադարյան կամրջի պահպանություն և հայկական ավանդական պարերի ու երաժշտության հավաքագրում-փաստագրում: Այս տարի ավելի վաղ՝ աշնանը, Հիմնադրամի կողմից 450.000 ԱՄՆ դոլար տրամադրվեց Մեղրու Սուրբ Հովհաննես եկեղեցու վերակառուցման ու պահպանության համար:

«Մշակույթը, արվեստը, ավանդույթներն օգնում են վեր հանել Հայաստանի ինքնատիպությունը: Ամերիկացիները կիսում են մշակույթի հանդեպ այս սերը: Պահպանելով այս հայկական գանձերը՝ մենք ոչ միայն օգնում ենք մեր ժողովուրդների մերձեցմանը, այլ նաև պահպանում ենք այս ինքնատիպ արժեքներն ապագա սերունդների համար», - նշել է դեսպան Միլսը՝ ավելացնելով, որ այդ աշխատանքները չէին լինի, եթե չլիներ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությունը:

Մշակույթի նախարարություն-ԱՄՆ դեսպանների մշակութային արժեքների պահպանության հիմնադրամ գործակցությունը սկսվել է 2011 թվականից՝ մշակույթի, արվեստի, ժողովրդական արհեստագործական ինքնատիպ կոթողները փրկելու նպատակով: Գործակցության 6 տարվա ընթացքում ֆինանսավորվել է 5 ծրագիր ՝ 657 հազար ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---