ՄԱԿ. Ավելի քան 30.000 մարդ է հեռացել արևելյան Հալեպից ազատագրման գործողության ընթացքում

ՄԱԿ. Ավելի քան 30.000 մարդ է հեռացել արևելյան Հալեպից ազատագրման գործողության ընթացքում

PanARMENIAN.Net - Ավելի քան 30.000 մարդ է հեռացել սիրիական Հալեպից կառավարական ուժերի կողմից քաղաքի շրջաններն ահաբեկիչներից ազատագրելու գործողության ժամանակ: Այդ մասին հայտնել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Ստեֆան Դյուժարիկը: Ըստ ՄԱԿ տվյալների, արևելյան Հալեպից մոտ 31.500 մարդ է տեղափոխվել այլ շրջաններ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«26.500 մարդ տեղափոխվել է կառավարության կողմից վերահսկվող շրջաններ և Շեյխ Մաքսուդ, ևս 5000-ը տեղափոխվել է Հալեպի արևելյան շրջանների սահմաններում»,-ասել է Դյուժարիկը ճեպազրույցում:

Նա նաև նշել է, որ հումանիտար վիճակը Հալեպում շարունակում է վատթարանալ:

Ըստ Սիրիայի գծով ՄԱԿ հատուկ դեսպանորդ Ստեֆան դը Միստուրայի, Սիրիայի կառավարական ուժերն ազատագրել են Հալեպի մոտ 40 տոկոսը:

ՄԱԿ-ն ու հումանիտար գործակալություններն, ըստ Դյուժարիկի, ընդլայնում են Հալեպին հումանիտար օգնություն ցուցաբերելու ծրագրերը` վերաբնակներին տրամադրելով ապաստան, սնունդ և բուժօգնություն: ՄԱԿ-ում կանխատեսում են, որ դեռ հազարավոր մարդիկ կլքեն Հալեպի արևելյան հատվածը, սակայն, ըստ ՄԱԿ ներկայացուցչի, բոլորին հնարավոր չէ ընդունել: «Ժամանակավոր տեղավորման վայրերն արդեն գերհագեցած են, իսկ մյուսները պատրաստ չեն ձմռան»,-ասել է Դյուժարիկը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՄԱԿ հումանիտար գործակալությունների ներկայացուցիչները ժամանել են Հալեպի այն շրջաններ, որոնք երկրի բանակն ազատագրել է ահաբեկիչներից: Ըստ ՄԱԿ տվյալների, Հալեպի դեռևս պաշարված շրջաններում մոտ 250.000 մարդ կա:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---