Առողջապահության ոլորտի օպտիմալացումը 1.8 մլրդ դրամ կտնտեսի

Առողջապահության ոլորտի օպտիմալացումը 1.8 մլրդ դրամ կտնտեսի

PanARMENIAN.Net - Մի քանի օր առաջ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը տեղեկացրել է, որ ոլորտում իրականացվող օպտիմալացման արդյունքում կտնտեսվի 1,8 մլրդ դրամ:

Առողջապահական համակարգի առանձին ոլորտների գործունեության ուսումնասիրության և բարելավման նպատակով հոկտեմբերի սկզբին նախարարի հրամանով ստեղծված աշխատանքային 4 հանձնաժողովից մեկը՝ ֆինանսաբյուջետայինը զբաղվում է բյուջեի վերանայումով, ֆինանսավորման նոր բանաձևերի մշակումով։

Հանձնաժողովն արդեն իսկ առաջարկ էր ներկայացրել դժվարամատչելի հետազոտությունների գների իջեցման ուղղությամբ։ Պետական պատվերի շրջանակում փոխհատուցվող «դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների» գները սահմանվել էին տարիներ առաջ և վերջին ժամանակաշրջանում չէին վերանայվել: Մինչդեռ անցած ժամանակաընթացքում զգալի աճել է նման հետազոտություններ իրականացնող կազմակերպությունների թիվը՝ մրցակցության արդյունքում հանգեցնելով մատուցվող ծառայությունների գների նվազման:

Հոկտեմբերի երկրորդ տասնօրյակում, երբ նախարարությունն այլ ծրագրերով չծախսված և տնտեսված գումարների հաշվին ավելացնում էր պետական պատվերի շրջանակում դժվարամատչելի և բարձր տեխնոլոգիական հետազոտությունների իրականացմանն ուղղվող 2016թ. գումարները, որպեսզի դրա անհրաժեշտությունն ունեցող մեր քաղաքացիները մինչև տարեվերջ կարողանան իրենց հետազոտությունն անցնել, պայմանավորվածություն է ձեռք բերել բժշկական կազմակերպություների ղեկավարների հետ պետական պատվերի շրջանակներում փոխհատուցվող «դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններ» բժշկական օգնության և սպասարկման մի շարք ծառայությունների գները համահունչ դարձնել ազատ շուկայական գներին։

Արդյունքում՝ վերաբաշխված 134 մլն դրամի շրջանակում ավելի մեծ թվով շահառուներ են անհրաժեշտ հետազոտություններն անցնում։

Այժմ իջեցման միտումով վերանայում են սոցիալական փաթեթի շրջանակում իրականացվող բժշկական ծառայությունների գները՝ դրանք ևս մոտեցնելով շուկայական արժեքին։

Գործող մեկ այլ՝ նախարարության և նախարարության համակարգում ընդգրկված հիմնարկների և կազմակերպությունների գործունեության օպտիմալացման, կազմակերպական ու կառուցվածքային բարեփոխումների հանձնաժողովի աշխատանքի արդյունքում վերանայվել են նախարարության ուղղակի կառավարման ներքո գտնվող 30 կազմակերպությունների և բուն նախարարության կառուցվածքը և հաստիքները։ Կրճատումներ կլինեն՝ խուսափելով գործառույթների կրկնություններից։ Միաժամանակ կրճատվել կամ օտարվել են ավտոմեքենաներ և անշարժ գույք, միավորվում կամ լուծարվում են գործող առանձին կազմակերպություններ։

Այս ամենի արդյունքում 2017թ. առողջապահական բյուջեի ծախսերից տնտեսված 1.8 մլրդ դրամը կուղղվի ոչ թե ապարատի կամ հիվանդանոցների պահպանմանը, այլ սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկված քաղաքացիների ամբուլատոր և ստացիոնար բժշկական ծառայությունների փոխհատուցմանը, տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---