Իտալիայի վարչապետը հրաժարական է տվել հանրաքվեում պարտվելուց հետո

Իտալիայի վարչապետը հրաժարական է տվել հանրաքվեում պարտվելուց հետո

PanARMENIAN.Net - Իտալիայի բնակիչները դեմ են արտահայտվել սահմանադրության բարեփոխմանը: Կառավարության ներկայացրած օրինագծի տապալումից հետո վարչապետ Մատեո Ռենցին հրաժարական է տվել:

Հանրաքվեն կայացել է դեկտեմբերի 4-ին: Ըստ նախնական տվյալների, իտալացիների մեծամասնությունը` 60 տոկոսը, դեմ է արտահայտվել ուղղումներին:

Հանրաքվեի միայն մեկ հարց էր ներկայացված` սահմանադրական փոփոխությունների մասին, որոնք ենթադրում էին զգալի փոփոխություններ Սենատի աշխատանքում:

Նախատեսվում էր, որ խորհրդարանը կձևավորեն շրջանային խորհուրդները, որոնցից Սենատ կանցնի 74 խորհրդական և 21 քաղաքապետ: Եվս 5 խորհրդականի պետք է նշանակեր նախագահը:

Եթե ուղղումներն ընդունվեին, Սենատը կկրճատվեր ավելի քան 3 անգամ` 315-ի փոխարեն ունենալով 100 անդամ:

Ենթադրվում էր նաև լիազորությունների վերաբաշխում շրջանային և կենտրոնական իշխանությունների միջև: Ռենցին մեծ հույսեր էր կապում իր օրինագծի հետ: «Ես տանուլ տվեցի: Իտալիայում երբեք ոչ ոք չի պարտվում, բայց ես ուրիշ եմ: Ես պարտվեցի և բարձրաձայն ասում եմ դրա մասին»,-ասել է վարչապետը` հավելելով, որ «արել է ինչ կարող էր»:

Մատեո Ռենցին ստանձնել էր Իտալիայի վարչապետի պաշտոնը 2014-ի փետրվարին: Մինչ այդ նա մի քանի տարի եղել է Ֆլորենցիայի քաղաքապետը:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---