Բալասանյան. Թալիշի բնակիչները հարկերի և էլէներգիայի մասով մեծ արտոնություններ կստանան

Բալասանյան. Թալիշի բնակիչները հարկերի և էլէներգիայի մասով մեծ արտոնություններ կստանան

PanARMENIAN.Net - Արդիականացված պաշտպանական համակարգը երաշխավորում է, որ Արցախի բոլոր սահմանամերձ բնակավայրերի և, հատկապես, Թալիշ համայնքի անվտանգությունը լիովին ապահովված կլինի: Այս մասին Արցախի հանրային հեռուստատեսության եթերում ասել է ԼՂՀ անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը, որն այս օրերին անձամբ է հետևում Թալիշի վերականգնման ու վերակառուցման աշխատանքներին, հայտնում է Արցախպրեսը:

Խոսելով Թալիշում արդեն ստեղծվող անվտանգության պայմանների մասին՝ Արցախի հերոսը ասել է, որ թե´ ռազմական և թե´ քաղաքական իշխանությունները ապրիլյան ագրեսիայի օրերից անհրաժեշտ հետևություններ են արել, և կատարվում են համապատասխան ադեկվատ քայլեր՝ բնակչության անվտանգությունը բարձր մակարդակով ապահովելու համար:

«Ես կոչ կանեի մեր ժողովրդին, որպեսզի Թալիշի անվտանգության հարցում մտահոգություններ չունենան»,- ասել է Բալասանյանը և հավելել, որ, գյուղի վերականգնմանը զուգահեռ, որպես սահմանամերձ բնակավայր, բնակիչներին տրվելու են արտոնյալ պայմաններ: «Վերանայելու ենք գյուղի կարգավիճակը: Օրենսդրական նախաձեռնությամբ՝ հարկերի և էլեկտրաէներգիայի մասով սահմանվելու են մեծ արտոնություններ»,- ասել է ԼՂՀ անվտանգության խորհրդի քարտուղարը:

Բալասանյանը ավելացրել է նաև, որ ամիսներ հետո բոլորը ականատես կլինեն ոչ միայն ամբողջովին վերականգնված Թալիշին, այլև այն կվերածվի մի հրաշք տարածքի՝ իր բոլոր ենթակառուցվածքներով:

Թալիշի վերականգնման համար ԼՂՀ իշխանությունները արդեն հրավիրել են Հայաստանի և Սփյուռքի մի շարք ճանաչված հայ ճարտարապետների, ովքեր տեղում մասնակցում են գյուղի վերականգնմանն ուղղված նախագծային աշխատանքներին:

Թալիշցի մոտ 20 ընտանիքի առաջիկայում Մարտակերտի շրջանի Ալաշան համայնքում տուն կտրվի: Այս մասին ՊՆ նախաձեռնությամբ Տավուշի մարզ կատարած այցի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասել է Արցախի վարչապետի մամուլի խոսնակ Արտակ Բեգլարյանը:

Ապրիլյան պատերազմի ընթացքում Ադրբեջանն ինտենսիվ հրետակոծում էր Արցախի խաղաղ բնակավայրերը, մասնավորապես՝ Թալիշը, Մարտակերտն ու Մատաղիսը:

Թալիշի բնակիչների մի մասը վերահաստատվել է գյուղում, և որոշակի վերականգնման աշխատանքներ է կատարում՝ տների, տնամերձերի և ենթակառուցվածքների հետ կապված։ Բացի այդ, գյուղ այցելած հանրապետության նախագահ Բակո Սահակյանը տեղում աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել՝ նշելով, որ անհրաժեշտ է բոլոր ուժերն ու միջոցները ներդնել՝ գյուղը վերականգնելու համար։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---