Նալբանդյան. Ադրբեջանը և Թուրքիան փորձում են միջազգային հարթակները ծառայեցնել իրենց նեղ քաղաքական նպատակներին

Նալբանդյան. Ադրբեջանը և Թուրքիան փորձում են միջազգային հարթակները ծառայեցնել իրենց նեղ քաղաքական նպատակներին

PanARMENIAN.Net - Հայաստանը լիովին աջակցում է այն էական դերակատարությանը, որը Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) ունի համաշխարհային միջուկային անվտանգության համակարգում և այս կառույցի առաջնորդող դերին` անդամ պետությունների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների և նախաձեռնությունների միջուկային անվտանգության հետ կապված գործողությունների համադրման և համակարգման գործում: Այս մասին Վիեննայում հայտարարել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Միջուկային անվտանգության հարցերով միջազգային նախարարական համաժողովին, որին ներկա էին ՄԱԳԱՏԷ 140 երկրի բարձրաստիճան պատվիրակություններ։

Ելույթ ունենալով բարձրաստիճան հանդիպմանը` նախարար Նալբանդյանը մասնավորապես ասել է. Հայաստանը մեծապես կարևորում է միջուկային անվտանգության ամրապնդումը և՛ ազգային, և՛ միջազգային մակարդակներում` միջազգային իրավական փաստաթղթերի վավերացման և իրականացման, ինչպես նաև այս առումով կենսունակ ազգային օրենսդրության հաստատման միջոցով:

«Հատկանշական է, որ 2015-ին մենք ընդունել ենք մի շարք փոփոխություններ կառավարության որոշումներում, որոնք վերաբերում են ռադիոակտիվ նյութերի արտահանման և ներմուծման լիցենզավորման կարգին, ռադիոակտիվ նյութերի ֆիզիկական պաշտպանության կանոններին և հայկական ատոմակայանի ու միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության և անվտանգության բարձրացմանը: Այս միջոցառումներն իրականցվում են ի հավելումն Միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության կոնվենցիայի դրույթների իրականացմանը:

Հայաստանն ամբողջությամբ իրագործում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 1540 բանաձևով ստանձնած իր միջազգային պարտավորությունները: Հայաստանի ազգային գործողությունների 2015-2020թթ. ծրագիրը նախանշում է մի շարք հստակ քայլեր, որոնք վերաբերում են, ինչպես արդեն իսկ իրականացված ազգային միջոցառումներին, այնպես էլ ընթացիկ և գալիք քայլերին»,-ասել է նախարարը:

Նալբանդյանը նշել է, որ ՀՀ-ն ակտիվ ներգրավված է նաև միջուկային չտարածման դեմ այնպիսի նախաձեռնություններում, ինչպիսիք են Միջուկային ահաբեկչության դեմ պայքարի գլոբալ ծրագիրը և Տարածման անվտանգության նախաձեռնությունը: Հայաստանի կառավարությունը շարունակաբար աշխատում է իր միջազգային գործընկերների հետ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում՝ միջուկային մաքսանենգության դեմ պայքարում իր ազգային կարողություններն էլ ավելի ամրապնդելու համար:

Միջուկային էներգիային առնչվող բոլոր խնդիրների շուրջ Հայաստանը սերտորեն և կանոնավոր համագործակցություն է ծավալել ՄԱԳԱՏԷ -ի և համապատասխան այլ միջազգային կազմակերպությունների ու գործընկեր երկրների հետ: Հայկական ատոմակայանի անվտանգությունը մշտապես գերազանց ցուցանիշներ է գրանցել: Հայաստանի կառավարության` Մեծամորի ատոմակայանի շահագործման ժամկետը երկարաձգելու որոշումը կայացվել է Ատոմային էներգիայի միջազգային կազմակերպության և մեր միջազգային գործընկերների հետ համապարփակ խորհրդակցությունների արդյունքում՝ ատոմակայանի անվտանգության ապահովման հստակ շեշտադրմամբ:

Մասնավորապես, ՄԱԳԱՏԷ բազմաթիվ տեսչական ստուգումները և գնահատման առաքելությունները վերահաստատել են Հայաստանի՝ իր ստանձնած միջազգային պարտավորությունները կատարելու հանձնառությունը, և հրապարակայնության ու թափանցիկության ամենաբարձր մակարդակը: Միջազգային պայմանագրերի պահանջներին անհամապատասխանություն կամ շեղում չի արձանագրվել:

Նալբանդյանը հավելել է, որ այս համատեքստում ցավալի է, որ որոշ անդամ պետություններ, մասնավորապես՝ Ադրբեջանը և Թուրքիան անհարգալի վերաբերմունք դրսևորելով ՄԱԳԱՏԷ -ի, նրա արձանագրած եզրակացությունների նկատմամբ՝ փորձում են միջազգային հարթակները ծառայեցնել իրենց նեղ քաղաքական, քարոզչական նպատակներին ՝ Հայաստանի դեմ անհիմն մեղադրանքներ հնչեցնելու համար: Շարունակաբար շահարկվող այս շինծու մեղադրանքները չեն համապատասխանում իրականությանը:

Ավելի վաղ Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Բերատ Ալբայրաքը Վիեննայում ՄԱԳԱՏԷ-ին կոչ էր արել փակել ՀԱԷԿ-ը: Նա հայտարարել էր, թե Հայաստանի Մեծամորի ատոմակայանը գտնվում է սեյսմիկ ակտիվ գոտում և սպառնալիք է տարածաշրջանի երկրների, մասնավորապես, Թուրքիայի համար:

Նախարարը նշել է նաև, որ անվերապահորեն աջակցելով չտարածման քաղաքականությանը՝ Հայաստանը վերահաստատում է իր լիակատար հավատարմությունը համապատասխան պայմանագրերին, ինչպես նաև ՄԱԳԱՏԷ երաշխիքների համաձայնագրին և լրացուցիչ արձանագրությանը։

«Ցանկանում եմ ևս մեկ անգամ վերահաստատել Հայաստանի հանձնառությունը միջուկային անվտանգության ճարտարապետության ամրապնդմանն ուղղված համատեղ ջանքերին»,-ասել է Նալբանդյանը:

Միջազգային համաժողովի արդյունքներով ընդունվել է եզրափակիչ հռչակագիր, որում համաժողովի մասնակից երկրները վերահաստատել են իրենց հանձնառությունը միջուկային անվտանգության ամրապնդմանը, միջուկային չտարածմանը և միջուկային էներգիայի խաղաղ օգտագործմանը:

Աշխատանքներ են տարվում Մեծամորի ատոմակայանի գործող էներգաբլոկի շահագործման ժամկետը մինչև 2027թ. երկարացնելու ուղղությամբ։

Մեծամորի ատոմակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարացման և արդիականացման ծրագիրն իրականացվելու է Ռուսաստանի և Հայաստանի միջև կնքված միջկառավարական համաձայնագրի շրջանակներում։ Ռուսաստանը կտրամադրի այդ նպատակների համար ընդհանուր 270 միլիոն դոլար միջպետական վարկ և 30 մլն դոլար դրամաշնորհ։ ՀԱԷԿ-ի վերակառուցումը կմեկնարկի 2017-ի գարնանը և մոտ կես տարի կտևի: ՌԴ-ն նաև հայտարարել է, որ պատրաստ է տրամադրել նոր բլոկի կառուցման համար անհրաժեշտ գումարի մի մասը` սարքավորումների տեսքով: Մյուս միջոցները նախատեսվում է ներգրավել տարբեր երկրների ֆինանսական աջակցության միջոցով:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---