ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպանը 1915-ի իրադարձությունները բնորոշել է որպես ցեղասպանություն

ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպանը 1915-ի իրադարձությունները բնորոշել է որպես ցեղասպանություն

PanARMENIAN.Net - ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների դեսպան Սամանթա Փաուերը 1915 թվականի իրադարձությունները բնորոշել է որպես ցեղասպանություն, հաղորդում է Associated Press լրատվական գործակալությունը, հարց բարձրացնելով՝ արդյոք Օբամայի վարչակազմը ծածուկ ճանաչել է Առաջին աշխարհամարտի ժամանակաշրջանի հայերի կոտորածը որպես ցեղասպանություն, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

«Ցեղասպանություն եզրույթը տևական ժամանակ տաբու է ամերիկացի պաշտոնյաների, այդ թվում՝ նախագահ Բարաք Օբամայի համար, որը դրա փոխարեն խոսում է զանգվածային կոտորածների ու պատմական ողբերգության մասին: Սակայն ՄԱԿ-ում Օբամայի դեսպանը անցած շաբաթ իր ղեկավարից ավելի հեռուն գնաց», - գրում է Associated Press-ը, մանրամասնելով՝ Նյու Յորքում Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Էլի Վիզելի հիշատակին նվիրված արարողության ժամանակ Սամանթա Փաուերը խոսել է մինչ օրս շարունակվող պատմական անարդարությունների մասին, այդ շարքում հիշատակելով նաև Հայոց ցեղասպանության ժխտումը:

«Փաուերը ընդամենը հինգ բառ ասաց՝ առանց մանրամասնելու, սակայն այդ հինգ բառը կարող են գազազեցնել Ամերիկայի գործընկեր և ՆԱՏՕ-ում դաշնակից Թուրքիային, որը կատաղի ձևով ընդդիմանում է Հայոց ցեղասպանության մասին որևէ հիշատակման», - փաստում է գործակալությունը, ընդգծելով՝ հայտարարությունը արտառոց էր նաև՝ հաշվի առնելով, որ Սամանթա Փաուերը կարգավիճակով Ամերիկայի երկրորդ ամենաբարձրաստիճան դիվանագետն է, և սա կարող է ընկալվել որպես նրա կողմից քննադատություն Բարաք Օբամայի հասցեին:

«Առաջին անգամ առաջադրվելով Միցյալ Նահանգների նախագահի պաշտոնում՝ Բարաք Օբաման խոստացավ հաղթանակի դեպքում ճանաչել հայերի ջարդերը որպես ցեղասպանություն, բայց հետո պարբերաբար դրժեց խոստումը՝ ապրիլի 24-ի իր ուղերձներում տեղի ունեցածը բնորոշելով որպես 20-րդ դարի առաջին զանգվածային կոտորածներ և ողբերգություն, որ չպետք է կրկնվի», - հիշեցնում է Associated Press-ը:

Ինքը Սամանթա Փաուերը մինչև Օբամայի վարչակազմ մտնելը ամերիկյան հեղինակավոր Պուլիցերյան մրցանակի դափնեկիր լրագրող էր, որը բավական հաճախ էր անդրադառնում ցեղասպանությունների հարցում Միացյալ Նահանգների վարած քաղաքականությանը:

«Պաշտոնյաները պնդում են, որ կուլիսներում Փաուերը հետևողականորեն աշխատել ու համոզել է Օբամային պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը», - հաղորդում է Associated Press-ը: Վերջինիս խոսնակ Քուրթիս Քուփերը, մեկնաբանելով դեսպանի խոսքերը, պնդել է՝ դրանք չեն վկայում վարչակազմի քաղաքականության փոփոխության մասին և նպատակ են ունեցել «համոզել այլոց ակտիվ պայքարել և ոչ թե կողքից նայել անարդարություններին, զանգվածային ջարդերին ու ցեղասպանությանը»:

ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մարկ Թոները ևս պնդել է, թե այս հարցում ամերիկյան պաշտոնական ուղեգիծը չի փոխվել: «Նախագահն ու վարչակազմի մյուս բարձրաստիճան պաշտոնյաները բազմիցս սգացել են և ճանաչել են մեկևկես միլիոն հայերի նկատմամբ իրականացված վայրագությունները՝ ընդգծելով, որ պատմական փաստերի ամբողջական, անկեղծ ու արդար ճանաչումը բխում է բոլորի շահերից», - հայտարարել է Պետքարտուղարության խոսնակը:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Հայոց ցեղասպանության հերթական տարելիցի առնչությամբ 216-ի ապրիլյան ելույթում կրկին խուսափել է «ցեղասպանություն» եզրույթն օգտագործելուց: «Այսօր մենք կրկին մտորում ենք 20-րդ դարի առաջին մասսայական սպանության՝ Մեծ Եղեռնի մասին, որի ընթացքում 1.5 մլն հայ սպանվել, տեղահանվել ու իրենց մահն են գտել», - մասնավորապես, ասվում է Օբամայի ուղերձում:

Հայոց ցեղասպանության ճանաչումն Օբամայի նախընտրական խոստումն էր: Սակայն, դառնալով նախագահ 2009 թվականին, նա այդպես էլ չարտաբերեց «ցեղասպանություն» բառը հայերի ոչնչացումը նկարագրելուց, սահմանափակվելով «Մեծ Եղեռն» եզրույթի կիրառմամբ:

Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---